Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր:
Ընդ որում` քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք Սյունիքի թեման Արցախի հետ մի հարթությունում են դիտարկում` և´ աշխարհագրական, և´ քաղաքական` իր ողջ հետևանքներով:
Եվ պատահական չէ, որ Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվել ընկալվում է նաև որպես իրանական շահերին հասցված հսկայական վնաս:
Նույն տրամաբանությամբ, կարծիք կա, որ ինչ քայլեր էլ Հայաստանն ու Իրանն իրականացնեն Սյունիքի անվտանգության և կայունության համար, քանի Արցախն ադրբեջանցիների ձեռքում է, Սյունիքն ու Իրանն անընդհատ անվտանգային սպառնալիքների ներքո են լինելու:
Իրանցիների հետ շփումներում, ելույթներում ես, իհարկե, նաև հիշեցնում էի, որ Ադրբեջանի` նաև 44-օրյա պատերազմից հետո մեծաքանակ սպառազինության գնումներն ու բանակում իրականացվող թուրքական ռեֆորմները, Արցախի հարավային հատվածներում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելը, իր մասշտաբայնությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց միջոցով անկայունության ձգտող արտատարածաշրջային ուժերը բացառապես Սյունիքի վրա չեն կենտրոնացած և հիմնական հարվածը կարող է կենտրոնացվել Իրանի ուղղությամբ:
Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն անչափ մտահոգում է Իրանին և նրանք այդ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ պատրաստ են Հայաստանի հետ խորը համագործակցության տարբեր ձևաչափերի, առաջին հերթին` ռազմական:
Թե այս ռազմական գործակցությունն ինչ է ենթադրում և որքանով է դրանով հետաքրքրված, շահագրված ՀՀ իշխանությունը, սա հարցի լրիվ այլ հարթություն է, որովհետև խնդիրը շատ բազմաշերտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել