Armenpress.am-ը գրում է.

Պակիստանում առնվազն 7 ոստիկան է զոհվել համընդհանուր ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերի վրա իրականացված երկու հարձակումների ընթացքում։ Երկրի Բելուջիստանի նահանգում նաև մի քանի փոքր պայթյուններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում 2 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Ընտրատեղամասերն արդեն փակվել են։ Ընտրությունների ամբողջ ընթացքում իշխանությունները երկրի տարածքում արգելափակել էին բջջային ծառայությունները, որպեսզի «պահպանեն կարգ ու կանոնը» այն բանից հետո, երբ փետրվարի 7-ին Բելուջիստանի նահանգում թեկնածուների գրասենյակների մոտ երկու պայթյունների հետևանքով 28 մարդ էր զոհվել։

Ընտական գործընթացի անվտանգությունն ապահովելու համար ընտրատեղամասերում ներկա են գտնվել ավելի քան 650 000 զինվորականներ և ոստիկաններ։ Այնուամենայնիվ, Խայբեր Պախտունխվայի նահանգում ընտրատեղամասերից մեկի վրա հարձակման ժամանակ հինգ անվտանգության աշխատակից է զոհվել։ Եվս երկու իրավապահ զոհվել է, ինը՝ վիրավորվել Բելուջիստանի ընտրատեղամասերից մեկի վրա հարձակման հետևանքով։

Ընտրություններին չէր մասնակցում երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցությունը, քանի որ նա դատապարտված է ազատազրկման մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ դավաճանության, կոռուպցիայի և անօրինական ամուսնության։ Նրա կուսակցության կողմից առաջադրվողները ստիպված են եղել հանդես գալ որպես անկախ թեկնածուներ։

Համընդհանուր ընտրությունների ժամանակ պակիստանցիներն ընտրում էին Ազգային ժողովի 266 թեկնածուի, որոնք հետագայում ձայների մեծամասնությամբ կընտրեն հաջորդ վարչապետին։ Միաժամանակ քաղաքացիներն ընտրում էին իրենց նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին, որոնք էլ իրենց հերթին կընտրեն նահանգների ղեկավարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել