Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել (տես ներքեւում) որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։
Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։
Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել