Համացանցի ռուսական տիրույթում երեկ խոշոր խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հասանելի չեն եղել խոշոր բանկերի, առցանց առևտրի հարթակների և այլ ծառայությունների, այդ թվում՝ Yandex-ի, VKontakte-ի կայքերը:

Հաղորդվում է, որ խափանումն առաջացել է DNSSEC-ում առաջացած խնդրից, որը DNS արձանագրությունների ընդլայնումների շարք է՝ նախատեսված տվյալների վավերականությունն ու ամբողջականությունն ապահովելու համար:

DNSSEC տեխնոլոգիան չափազանց կարևոր է, այն ավելացնում է թվային ստորագրությունները DNS-ին, որոնք ապահովում են DNS տվյալների իսկության հաստատումը և ապահովում DNS-ում տվյալների ամբողջականությունը, ինչը նախապայման է ցանցում վեբ ռեսուրսների հուսալի նույնականացման համար: Այս տեխնոլոգիայի շնորհիվ «․ru» տիրույթի գոտում հաքերային հարձակումների ժամանակ IP հասցեի կեղծման հավանականությունը զրոյի է հասցվում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խափանումը տեղի է ունեցել «Համացանցային ազգային տիրույթի համակարգող կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունում, որի մասնագետներն ավելի ուշ կարգավորել են խնդիրը։

«Համաշխարհային DNSSEC ենթակառուցվածքի հետ կապված տեխնիկական խնդիրը, որը «․ru» տիրույթում կայքերի անհասանելիության պատճառ է դարձել, լուծվել է։ DNS-ի հետ կապված խնդիրները կարող են որոշ ժամանակ շարունակվել, քանի դեռ թարմացված տվյալները կտարածվեն դոմենային անունների համակարգով»,- հայտնել են կենտրոնի մամուլի ծառայությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել