Armenpress.am-ը գրում է.

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է հունվարի 27-ին, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Տոնի կապակցությամբ  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվեց  ՀՀ ԶՈՒ զինծառայողների և հոգևոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ պատարագից և հաղորդություն ստանալուց հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցների  պարգևատրման արարողությունը:

Այս տարի արդեն 9-րդ անգամ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝  ՀՀ Զինված ուժերի տարբեր զորամասերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցած 20 գնդերեց պարգևատրվեց Արարատյան Հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնեց Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նա  շնորհավորեց բոլորին և ընդգծեց, որ այսօր բոլորի  համար սիրելի դարձած արագահաս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, ով  իր վարքով և նահատակությամբ դարձել է քրիստոնեության անմար ջահն ու անկոտրում հավատքի քարոզիչը: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը  հռչակված  է երիտասարդների օրհնության օր:

«Սիրելի՛ գնդերեցներ, հոգևո՛ր սպասավորներ Հայոց բանակի, եկեղեցականների ծառայական կյանքը զինվորություն է՝ Աստծո սպառազինությամբ, հավատի վահանով, փրկության սաղավարտով ու հոգու սուսերով, որն Աստծո Խոսքն է:Մեր երախտիքն ենք բերում ձեզ՝ ձեր ամենօրյա նվիրական և արգասաբեր ծառայությամբ հայոց բանակի անդաստաններում քրիստոնեական հավատքը, հայրենապաշտության զգացումը և աննկուն պայքարի ոգին  մշտանորոգ պահելու համար: Այս ենք պատգամում ձեզ, որդյակնե՛ր՝  սիրեցե՛ք Աստծուն, հայրենին և մերձավորին,  քանզի «Սիրո՛ ուժն է անհաղթ»:  

Մեր և ձեր աղոթքներով  թող Բարեգութ  և Ողորմած Աստված հանապազ զորակից և մարտակից լինի Հայոց բանակին: Թող Աստծո սպառազինությամբ և Սուրբ Զորավարի բարեխոսությամբ կարող դառնաք  առատ հունձքով արդյունավորել ձեր նվիրական առաքելությունը՝  ի զորացումն Հայոց առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու և ի միաբանություն հայ ազգի»,- ասաց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը խոսելով օրվա խորհրդի մասին՝ նշեց, որ ցանկացած մարդ, ով նահատակվում է հանուն Քրիստոսի ու հետագայում հռչակվում է սուրբ, շատ կարևոր է եկեղեցու համար:

«Եվ այսօր մենք  Սուրբ Սարգսի բարեխոսությունն ենք հայցում մեր հայ ժողովրդի խաղաղության, Հայոց բանակի զորացման և, իհարկե, մեր երջանիկ կյանքի հարատևման համար. ահա այն կոչումը, որ ունի Սուրբ Սարգիսը»,- ասաց նա:

Տեր Շահեն նաև ընդգծեց, որ այսօրվա պատարագին ժողովրդի բազմահոծ ներկայությունը վկայում է եկեղեցու և սրբի բարեխոսության հանդեպ իրենց սիրո և կապվածության մասին: 

Սբ. Սար­գիսն իր որ­դի Մար­տի­րո­սի և 14 քաջ մար­տիկ­նե­րի հետ նա­հա­տակ­վե­լով հանուն քրիստո­նեա­կան հա­վատ­քի՝ հե­տա­գա­յում դար­ձավ Հայ Ա­ռա­քե­լա­կան եկեղեցու ամենասիրե­լի սրբե­րից մե­կը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գա­րե­գին Երկրորդ Ա­մե­նայն Հա­յոց Հայրապետի բարձր տնօ­րի­նութ­յամբ Սբ. Սար­գիս զորա­վա­րի տո­նը հռչակ­վել է Երիտասարդնե­րի օրհնութ­յան օր:

2006 թ. ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ Տ. Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կճոյա­նի նախաձեռնութ­յամբ սկիզբ դրվեց Սբ. Սարգ­սի տո­նի շրջանակնե­րում կազմակերպ­վող նոր ծրագրերի և մի­ջո­ցա­ռում­նե­րի՝ տոնին երբեմնի ժողովրդականությունը վերադարձնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել