Ողջո՜ւյն: Կրկին ես և իմ մտքերի շարանը ~
Վաղուց չեմ բողոքել պարոն (կամ տիկին) Մուսայի բացակայությունից (շնորհակալություն դասախոսներիցս մեկին՝ այն վերադարձնելու համար: 3 շաբաթ է, ինչ գրառում չեմ կատարել: Չէ՜՜՜, բոլոր նպաստավոր պայմանները կան, ուղղակի լիովին նոր միջավայրը, կյանքի քիչ նոր ռեժիմը թույլ չեն տալիս հավաքել մտքերը և հավեսով բողոքել...
Հայ եմ, չեմ կարող առանց բողոքի... Եկավ այն սպասված (երևի սպասված ուրիշների կողմից, բայց ոչ իմ) ուսանողական կյանքի առաջին օրը, անցան էլի օրեր... Արդեն երկու շաբաթ է... Երևի չկային այնպիսի սպասումներ, որոնք արդարացվեին կամ չարդարացվեին...
Եվս մի մարդկային հասարակության փոքր մաս, որի մասն ես կազմում, որը քեզ երբեմն չի կարող ընդունել այնպիսին, ինչպիսին դու ես... Որի բաղադրիչը չես ուզում դառնալ, բայց ստիպված ես... Իսկ եթե ուզում ես, ապա պիտի հակառակ գնաս քո շատ և շատ սկզբունքների... Հասարակություն, որը քեզնից չի պահանջում այն, ինչ կարող ես տալ, այլ այն, ինչը պարտավոր ես ու պիտի տաս...
Չմոռանամ... Ողջ կյանքս էլ կարծել եմ, որ ոչինչ չգիտեմ, բայց այստեղ հերթով բոլորը գալիս են և չէ, չէ՜, չեն ապացուցում, այլ ուղղակի պարտադրում են հասկանալ , որ մենք բոլորս ոչինչ չգիտենք...
Իմ բոլոր պատկերացումների համաձայն՝ մանկավարժի աշխատանքը կայանում է նրանում , որ սովորեցնի ինչ-որ բան, այլ ոչ թե այդ գիտելիքը, անհասկանալի է, թե որտեղից, հայտնվի մեր ուղեղներում այն նախապայմանով, որ իրենք մեզ անընդհատ անգրագետ կոչեն... Ես երբեք չեմ հասկանա այն ուսուցիչներին կամ դասախոսներին, որոնք, անընդհատ խոսելով աշակերտի կամ ուսանողի գիտելիքի ցածր մակարդակի մասին, ուզում են ինչ-որ բան սովորեցնել: Միգուցե դա ինձ և մի քանի ուրիշների դրդում է սովորել, բայց ոչ թե որովհետև նրանց ասածը ուզում ենք կատարել: Ո՜չ... Ամենևին... Դա երբևէ իմ տեսած ու լսած ամենաանիմաստ կրթելու միջոցն է...
Այս օրերի ընթացքում հասկացա մի կարևոր բան. ԵՐԲԵՔ չեմ աշխատի դասախոս կամ ուսուցիչ կամ նման որևէ բան... Ամենաանշնորհակալ ու ամենատանջալի մասնագիտությունը երբևէ... Ես էլ եմ անշնորհակալ:

Միգուցե ամեն անգամ անգրագետ կոչելով՝ դասախոսները ավելի պիտանի մարդ ստանան թե՛ ինձնից, թե՛ մյուս 60-ից, քան բարի ու համբերատար ձևանալով: Իսկ այս 2 շաբաթվա ամենամեծ բացահայտումը մարդիկ էին, իմ տարեկիցները՝ հետաքրքիր ու ձևական, խելացի ու ամենանման...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել