Ես մեր երգիչ-երգչուհիների, հայտնիների շրջանում մշտապես շատ ընկերներ եմ ունեցել և ունեմ, մեր ընկերությունը հենված է եղել ու կա փոխադարձ հարգանքի, սիրո, ընդհանուր ընկերների, պատմությունների, համագործակցության, անցած ճանապարհի և ազնվության վրա: Ոմանց հետ հաճախ ենք շփվում, ոմանց հետ՝ ավելի քիչ: Ես էլ միշտ աշխատել եմ լինել ու կլինեմ իմ ընկերների կողքին: Իրենք էլ ինձ պատասխանել են իրենց սիրով, հարգանքով, իմ կողքը լինելով: Դա ամենևին չի նշանակում, որ ես հավանում եմ բոլոր ընկերներիս բոլոր երգերը, կամ իրենք՝ իմ բոլոր ելույթները, կամ կիսում են իմ հայացքները: Շատերը, ում ես ընկեր եմ համարում, նույնիսկ հրապարակավ քաղաքական քննադատությամբ են հանդես գալիս, ոմանք մասնակցում են հակաիշխանական հավաքներին, բայց դա չի խանգարել ու չի խանգարի ինձ իրենց հարգել, սիրել, գնահատել իրենց՝ որպես արտիստ, հետ չի պահի դժվար պահին իրենց կողքը լինել և, իհարկե, կիսել ուրախությունը: Ուստի նրանց, ում գրեթե 15 օր է հանգիստ չի տալիս, թե ով է եղել իմ ծննդյան միջոցառմանը, պետք է հիասթափեցնեմ, որ հայտնի մարդկանց անունները տալով, վիրավորելով՝ դուք մեկ է մնալու եք անանուն, իսկ իրենք շարունակելու են տասնյակ հազարներով դահլիճներ լցնել, ծափեր և ժպիտներ հավաքել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել