Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում որոշ դեղերի գներ որոշակիորեն ավելի բարձր են, քան, օրինակ` Վրաստանում, քանի որ երկրում դեղերի նկատմամբ գործում է ավելացված արժեքի հարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դեղերի արժեքներին:

«Քանի որ Հայաստանն ունի ավելացված արժեքի հարկ դեղերի նկատմամբ, դրանք որոշակի առումով ավելի բարձր են, քան Վրաստանում: Ազդում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը բավականին փոքր շուկա է, և տվյալ շուկայում լինելու՝ դեղորայքային կազմակերպությունների գնային քաղաքականությունը տարբերվում է մեծ շուկաներից: Կան մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը»,-ասաց նախարարը:

Սակայն Ավանեսյանի վստահեցմամբ՝ նախատեսվող կարգավորման մեխանիզմներն ազդելու են նաև դեղորայքի գների վրա, այսինքն՝ շատ ավելի մատչելի ու մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը: Արդյունքում թե պետությունը, թե քաղաքացին ավելի քիչ են վճարելու դեղերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել