Խոսելով նախորդ բոլոր իշխանությունների օրոք Արցախի խնդրի լուծման հնարավորությունների մասին՝ Սյամոն հարց է բարձրացրել՝ կարո՞ղ էինք մեր ամբիցիաները «մի քիչ ցած դնեինք», խնդիրը ռեալ լուծում ստանար՝ պատասխանելով՝ կարող էինք: «Խի՞ չենք արել, որովհետև ամեն մեկը՝ ամեն մի քաղաքական ղեկավար, ժամանակին փորձել է հերոս ձևանա, որ ինքը ոչ մի բան չի տալիս… և նույնն էլ Նիկոլը, երբ որ եկել ա, նույն ձևի հայտարարել ա՝ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ…»,-հայտարարել է Սյամոն՝ միաժամանակ հրաժարվելով տալ կոնկրետ մարդկանց անուններ:
Սյամոյի խոսքում զգացվում է նիկոլականության շունչը. Նիկոլն էլ, արդարացնելու համար Արցախի հետ տեղի ունեցածը, մեղադրում է նախկին իշխանություններին՝ իրականությունը ժողովրդին չասելու ու հերոսանալու փորձերի համար, ինչն ուղղակի սրիկայություն է: Նախկին իշխանություններն իրականում երբեք մաքսիմալիստներ չեն եղել՝ ամեն անգամ փորձելով տեղ հասցնել, որ առանց փոխզիջումների անհնար է լինելու արդյունքի հասնել: Այլ հարց, որ հանրության որոշակի հատվածի կամ որոշ շրջանակների մոտ այդ տեսակետն ըմբռնում չի գտել. ոչմիթիզականությունն է գերազանցապես իշխող եղել մեզանում:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ո՞րն է Սյամոյի իջեցված նշաձողը, կամ արդյոք Կազանի փաստաթղթի վիժեցումը հայկական կողմի պատճառո՞վ էր:
Այսօր նշաձողի իջեցմամբ զբաղվում է Հայաստանը ծնկի բերած Նիկոլը, դա արդյունք տալի՞ս է, թե՞ Բաքուն ավելին է պահանջում՝ չճանաչելով նույնիսկ 29800-ը: Հետևաբար՝ նշաձողի իջեցումը չէր կարող ու այսօր էլ չի կարող որպես հարցի լուծում դիտարկվել, քանի որ գործ ունենք թուրքի հետ. հարցի լուծումը մեծամասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական գլոբալ խաղի բնույթով, կենտրոնների միջև առկա կամ կայացվելիք պայմանավորվածություններով, դրանց շահերի համադրումով կամ հակադրումով. Հայաստանն ու Ադրբեջանն այս մեծ աշխարհաքաղաքական խնդրում շատ փոքր խաղաղցողներ են՝ սուվերենության սուր պակաս ունեցող: Այլ հարց, որ ամուր ողնաշար ունենալու դեպքում Հայաստանի տեսակետը կարող էր հաշվի առնվել, և ամեն ինչ նման մեծ ողբերգությամբ չավարտվեր: Բայց Նիկոլի տերերին ողնաշարավոր Հայաստան պետք չէր, ուստի որոշեցին արկածախնդրության դիմել՝ 2018-ին գերեզմանափորին իշխանության բերելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել