Armenpress.am-ը գրում է.

Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները փակել են Բելգրադում արտգործնախարարության շենքի դիմացի փողոցը։

Հարյուրավոր ուսանողներ սուլոցներով ու շչակներով հավաքվել են Բելգրադի կենտրոնում՝ Բիրչանինովա փողոցում և սկզբում փակել երթևեկությունը Պետական կառավարման և ինքնակառավարման նախարարության շենքի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել են «ընտրագողություն» կարգախոսով և «Պայքար» շարժման խորհրդանիշով պաստառներ, սուլել, շչակներ են փչել և հարվածել կաթսաներին, վանկարկել հակաիշխանական հայտարարություններ։

Կազմակերպիչները հավաքվածներին կոչ են արել բարձրանալ Բիրչանինովա փողոցից մինչև հարակից կենտրոնական փողոց, որտեղ մի կողմում արտաքին գործերի նախարարությունն ու Սերբիայի կառավարությունն է, մյուս կողմում՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից ավերված Գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության շենքերն ու օտարերկրյա դեսպանատները։ Ոստիկանները չեն խանգարել ցուցարարներին։

Ավելի վաղ «Ուսանողներն ընդդեմ բռնության» շարժման ակտիվիստները երկրի իշխանություններից պահանջել էին հրապարակել անցած խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները։ Նրանք սպառնացել էին փակել երթևեկությունը Սերբիայի մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Հանրապետական ընտրական հանձնաժողովի խնդրանքով ՆԳՆ-ն և Պետական կառավարման նախարարությունը ստուգել են թեկնածուների գրանցումը և շուրջ 500 վիճելի ընտրողների հասցեները, սակայն խախտումներ չեն հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել