Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆոյին» նոր մանրամասներ են հայտնի դարձել շան հարձակման հետևանքով երիտասարդ կնոջ հիվանդանոցում հայտնվելու դեպքի հետ կապված։ Մեզ հաջողվել է ճշտել, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Երևանում, այլ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում։

Համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը պատմեց, որ կինը մոտ 30 տարեկան է, 4 անչափահաս երեխաների մայր։ Դեպքից հետո նա տեղամասային բժշկի կողմից պատշաճ բուժօգնություն է ստացել, բայց պատվաստումներից հրաժարվել է։

«Ասել է, որ այլ առողջական խնդիր ունի, և բուժքրոջը, բժշկին արգելել է պատվաստել իրեն։ Պնդել է, որ իրեն պետք է սրսկի միայն իր սկեսուրը։ Նա ոչ միայն պատվաստումից է հրաժարվել, այլև շտապ օգնությունից, հիվանդանոց տեղափոխվելուց։ Սկզբի օրերին դեպքն այդքան աղմկոտ չէր, նման դեպքեր հաճախ են լինում, երբ շունը կծում է՝ մարդիկ բուժվում են ու խնդիր չի առաջանում, բայց այս մի դեպքը բավական խորացավ»,- նշել է «Փաստինֆո»-ի զրուցակիցը։

Մարգարյանը պատմել է, որ կինը որոշ ժամանակ անց նորից է դիմել բժշկին, գանգատվել մեջքի շրջանում ցավերից։ «Բժիշկը պատմել է, որ խնդրել է հղիության ընդհատման դեղատոմս դուրս գրել, հղիության արհեստական ընդհատում է արել, դրանից հետո էլ սրացումներ են սկսվել։

Թե որն է իր այս վիճակի իրական պատճառը՝ շան կատաղությունը, թե այլ բան՝ չգիտեմ։ Բժիշկներն ասում են՝ կատաղության դեպքում ինկուբացիոն շրջան է լինում, դրա համար էլ փորձաքննություններ են պետք։ Ամեն դեպքում՝ ասում են, թե կատաղություն չկա երկրում, բայց ավելի վաղ մահվան դեպք էլ է եղել ։ Մենք հիմա թափառող շների հարցն ամեն տեղ ենք բարձրացնում, բոլոր բնակավայրերում են շները շատացել, հաճախ սոված են շրջում, հարձակվում են, բայց հիմա շների նկատմամբ բռնությունը քրեականացրել են, մարդիկ էլ ձեռնպահ են մնում գործողություններից, արդյունքում՝ խնդիրը սրվել է»,- ասաց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ օրերս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել երիտասարդ կին։ Կասկած կա, որ կնոջ վրա հարձակված շունը կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։ Կինը ծայրահեղ ծանր վիճակում է։

Նշենք, որ շան հարձակման դեպքեր են արձանագրվել նաեւ հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ դպրոցների մոտ, Երեւանում ու պատկան իշխանությունները պետք է լուրջ հետեւություններ անեն։ Այո, կենդանիների մասին հոգ պետք է տանել, բայց նաեւ չպետք է մոռանալ, որ բնակիչներն էլ ունեն անվտանգ տեղաշարժվելու իրավունք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել