Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի: «Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գ. Քոչարի փողոցից նրան տեղափոխել էր բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Այդ ընթացքում օգտվելով քաղաքացու ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և բանկային հաշվեհամարից մոտ 9 միլիոն դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը: էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել