Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների արդյունավետությունը պատկերացնում է այն ֆորմատում, այն հարթակում, որում սկսվել են դրանք:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարությանը, որ Ռուսաստանի կողմից բանակցությունների առաջարկ է հնչում, Բաքուն համաձայնություն տալիս է, Երևանը՝ ոչ:

«Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների: Ցավոք սրտի, վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում բանակցություններից, չի մասնակցում: Մեր ակնկալիքը մեր գործընկերներից այն է, որ կարողանան Ադրբեջանին բերել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց Խանդանյանը:

Խանդանյանը կարևորեց ոչ թե բանակցությունների ձևը և ֆորմատը, այլ՝ բովանդակությունը: «Ձևավորվել է որոշակի բանակցային տրամաբանություն, որը պետք է շարունակական լինի:  Բանակցությունների հարթակներ փոխելը Ադրբեջանի կողմից գուցե մարտավարություն է՝ բանակցություններից խուսափելու համար: Սա է պատճառը, որ մենք ուզում ենք, որ բանակցությունների տրամաբանությունը շարունակական լինի: Եվ այս ֆորմատում ենք դրա արդյունավետությունը պատկերացնում, այսինքն՝ սկսված խոսակցությունը շարունակել այնտեղ, որտեղ սկսել ենք»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի ճակատագիրը հաշվի առնելով՝ արդյոք հայկական կողմը վստահո՞ւմ է ռուսական հարթակին՝ պատգամավորը դա համարեց լեգիտիմ հարցադրում ու մտահոգություն՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորող կողմը Ռուսաստանն էր: «Եվ, ցավոք, այսօր մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական սկզբունքային հարցերը՝ կապված ԼՂ հայերի անվտանգության ապահովման և ԼՂ-ում մնալու, Լաչինի միջանցքի հետ կապված չեն իրագործվել, խափանվել են: Այստեղ այդ լեգիտիմ մտահոգությունը, հարցադրումը մնում է»,-ասաց Խանդանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը չի տարանջատում բանակցությունների հարթակները, եթե դրանցում պահպանվեն սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունների ճանաչումը, ճանապարհների ապաշրջափակումը՝ երկրների սուվերենության ներքո:

«Գոյություն ուներ նոյեմբերի 9-ի հայտարարություն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: Եվ, ըստ էության, թե վստահությունը, թե տրամադրվածությունը բխում են իրողություններից»,-հավելեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել