Armenpress.am-ը գրում է.

Կատարը շարունակում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարը շարունակելու միջնորդական ջանքերը՝ չնայած Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։

Ըստ հրապարակման՝ աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը, հնարավոր է, նորից հրադադար հաստատի, եթե ՀԱՄԱՍ-ը պարտավորվի ավելի շատ պատանդների ազատ արձակել։

«Մենք հասել ենք գծի վերջին», - ասել է The Washington Post-ի աղբյուրներից մեկը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել բոլոր կամ գրեթե բոլոր այն պատանդներին, որոնց նախատեսում էր այս պահի դրությամբ ազատ արձակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարը խախտելու և Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ։

Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել