Armenpress.am-ը գրում է.


ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 30-ին կողմ է քվեարկել բանաձևին, որն արգելում է Իրանի համար հասանելի դարձնել այն 6 միլիարդ դոլարը, որը վերջերս ապասառեցվել էր երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նշում է, որ հանրապետականները պնդում էին այս բանաձևն ընդունել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժման մեջ Իրանի ենթադրյալ դերի, որը Թեհրանը հերքել է։

Բանաձևը կոչվում է «Ոչ մի գումար իրանական ահաբեկչության համար»։ Դրան կողմ է քվեարկել 307 կոնգրեսական, դեմ՝ 119։ Փաստաթղթով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել միջոցների վրա, որպեսզի որևէ գումար չփոխանցվի Իրանին։ Բացի այդ, բանաձևում նշվում է, որ ցանկացած կառավարության կամ անհատ, որը ներգրավված կլինի միջոցների փոխանցման մեջ, նույնպես պատժամիջոցների կենթարկվի։

«Տարածաշրջանում նման անկայունության պայմաններում վերջին բանը, որ մեզ անհրաժեշտ է, հասանելիություն տրամադրելն է 6 միլիարդ դոլարին, որը կուղղվի Իրանի կողմից ֆինանսավորվող ավելի շատ ահաբեկչության», - ասել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայքլ Մաքքոլը։

Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։

Այժմ բանաձևի շուրջ քվեարկություն կկայանա Սենատում։ Ըստ Associated Press-ի՝ մեծամասնությամբ դեմոկրատներից կազմված Սենատը, ամենայն հավանականությամբ, չի հաստատի բանաձևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել