«Ժուռնալիստիկա» մասնագիտությունն այսօր գործիք է դարձել որոշ մարդկանց ձեռքում դիմացինին նսեմացնելու, փոշիացնելու համար: Թվում էր, թե անանուն նամակներն ու հրապարակումները խորհրդային տարիներին բնորոշ երևույթներ էին, սակայն մեր օրերում էլ արդիական են: Փորձում ես ուշադրություն չդարձնել դրանց բովանդակությանն ու ոչ հիմնավորվածությանը, բայց տեսնում ես, որ սնկի նման աճեց թյուրիմացությունը և տարածվեց: Վերջին շրջանում պատեհ-անպատեհ առիթով շրջանառվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի անունը: Ես արդեն 14 տարի դասախոսում եմ վերոհիշյալ ֆակուլտետում, կարծում եմ, իրավունք ունեմ հանդես գալ գոնե իմ անունից: 
Հարգարժան խմբագիրներ և ժուռնալիստներ, նամակներ և հոդվածներ գրելուց անձնական հաշվեհարդար մի տեսեք, լրագրությունը հասարակության մեջ եղած վատ երևույթները վեր հանելուն է միտված, հասարակությունն առողջացնելուն, դրական համախմբում ստեղծելուն: Ի՞նչ ենք անում մենք՝ կառուցողական ոչինչ, բայց մի լավ մրոտում ենք մարդկանց, ում չենք սիրում և չենք ճանաչում. հասկանալի է ու «մարդկային»: Վերջերս կարդացի մի հրապարակում, որտեղ պախարակել էին և´ ֆակուլտետը, և´ դասախոսներին որակել չգրող լրագրողներ: Հարգելի´ ժուռնալիստներ կամ անանուն հեղինակներ, գիտության մեջ խրախուսվում են գիտական հոդվածները: Խնդրում եմ զատեք գործող լրագրող և գիտությամբ զբաղվող լրագրողների բանակները: Մեր գործառույթները տարբեր են. կան դասախոսներ, որոնք հասցնում են և´ դասավանդել, և՛ աշխատել, կան դասախոսներ, որոնք ակտիվորեն ներգրավված են գիտական աշխատանքում, կան դասախոսներ, որոնք վարչական գործառույթ են իրականացնում: Ես չեմ կարող բացառել նաև վատ երևույթները, որոնք ինչպես հասարակության, այնպես էլ տարբեր ոլորտներում առկա են, բայց դրա մեղավորն էլ բոլորս ենք: Հիմա նամակ-հոդվածում մեղադրվում են մարդիկ, որոնք լրացուցիչ պարապմունքներ են իրականացնում: Ո՞ւմ ինչ գործն է` աշխատանքից հետո ես ինչով եմ զբաղվում: Եթե տվյալ մարդու երեխան սոված է մնում, մե՞նք ենք գնում կերակրելու: Դասախոսական աշխատավարձով ես 5 անգամ կարող եմ մտնել խանութ ու շատ բան թույլ չտալ գնել, զուգահեռ դրան իմ խելքն օգտագործելով տարբեր գործառույթներ եմ իրականացնում ու ոչ մեկին հաշվետու չեմ: Մեղադրվում են դեկան, ամբիոնի վարիչ, դասախոսներ, չգիտեմ ով ինչ է մտածում, բայց խոսել կոռուպցիոն ռիսկի մասին այս ֆակուլտետում ծիծաղելի է, որովհետև այստեղ ընդունվում ու սովորում են հիմնականում ուսուցիչների երեխաներ: Կարծում եմ, նրանց եկամուտների մասին ես չէ, որ պետք է ասեմ... Ի վերջո, ձեր շուրջը նայեք, բոլոր լրատվամիջոցներում լավագույն լրագրողներն էլի ավարտել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը. հերիք է ոչ լրագրողական կրթությամբ մարդիկ մեղադրեն ու ասեն, որ այս ֆակուլտետում ոչինչ չեն սովորեցնում: 14 տարի լսարանում իմ կողմից նկատված շատ լրագրողներ այսօր աշխատում են ու դաշտում ունեն հեղինակություն՝ դա միայն տաղանդը չէ, դա նաև կրթությունն է, միջավայրը, որը տվել է Երևանի պետական համալսարանը:
Աստղիկ Ավետիսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բ.գ.թ.
Հ.Գ. Ուզում էի անտեսել, բայց չստացվեց….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել