Պատմական գիտությունների թեկնածու

ԱՄՆ նախագահ Օբաման վերջերս ուղերձով դիմեց Ադրբեջանի ղեկավար Ալիևին, իսկ մի քանի օր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆիլկտում խաղաղություն հաստատվի` փոխզիջումների հիմքով: Նամակը Սարգսյանին և Ալիևին հանձնել է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը: ՀՀ նախագահին ուղղված ուղերձում ասվում էր. «Մեծարգո պարոն Նախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի` Երևան կատարած առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը:

Նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա նվիրվածության մասին: Ես հույս ունեմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձը և Ձեր կառավարության՝ առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների աշխատանքին և խաղաղ գործընթացին։ Կոչ եմ անում Ձեզ` առաջիկա ամիսներին օգտվեք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորություններից եւ պատրաստ լինեք համանախագահների ժամանակի և փորձառնության միջոցով առաջ շարժվելու բանակցությունների ներկայիս փակուղուց։

Փոխզիջումների ընդհանուր ուրվագծերը արդեն իսկ հստակեցված ունենալով՝ այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նորոգված ջանքերի ժամանակն է»: Հատկանշական է այն փաստը, որ Օբաման նման բովանդակությամբ ուղերձ չհղեց ԼՂՀ նախագահին: Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ սիրիական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ-ն այդքան մեծ նշանակություն է ցուցաբերում Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Կարծում եմ, որ նման ուղերձներով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են մնալ ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում: Մյուս կողմից այս ուղերձները ևս մեկ անգամ վերահաստատեցին այն փաստը, որ ԱՄՆ-ն անդրկովկասյան տարածաշրջանում չի պատրաստվում թուլացնել իր ազդեցությունը և կարևոր դեր է խաղում Մինսկի խմբի շրջանակներում Արցախյան խնդրի լուծման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել