2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա Ա-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ նոյեմբերի 3-ին Ա Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է։

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա Ա-ին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Նոյեմբերի 6-ին վերջինս ձերբակալվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել