Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 8-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։
Անցած մրցաշրջանում Մեսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի գավաթը, փարիզյան ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Մրցանակը Մեսիին հանձնեց Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը։
Լավագույն տասնյակում են նորվեգացի Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա), Խուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Վիկտոր Օսիմենը («Նապոլի», Նիգերիա), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա)։
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին արժանացավ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Այտանա Բոնմատին։
Կանանց ֆուտբոլում 2022-2023 թվականների մրցաշրջանի լավագույն ակումբ ճանաչվեց «Բարսելոնան», տղամարդկանց ֆուտբոլում՝  Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել