Հայաստանի նախագահի հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, առաջին հայացքից մեծ ռեզոնանս առաջացրեց քաղաքական դաշտում: Սակայն վերլուծելով քաղաքական ուժերի և գործիչների հայտարարությունները` կարելի է եզրակացնել, որ բացի մի քանի քաղաքական ուժերից («Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ»), որոնք կտրականապես դեմ են հանդես գալիս Հայաստանի` Մաքսային միությանը միանալուն, մյուս ուժերը կա’մ զերծ եմ մնում հստակ հայտարարություններից, կա’մ հայտարարության շեշտադրումը լրիվ այլ ուղղությամբ են տանում:

Մեկ բան հստակ է՝ քաղաքական ուժերը բավականին զգուշավոր են անդրադառնում հարցին, ինչը մի կողմից նշանակում է, որ վերջիններս չեն ցանկանում կտրուկ արտահայտություն անել ՌԴ-ի հասցեին կամ ուղղակի տրամաբանված ու հավասարակշռված են համարում ինտեգրացիոն պրոցեսների վերաբերյալ նախագահի հայտարարությունները:

Ընդհանուր բանավեճն ընթանում է ոչ այդքան Մաքսային միություն-Եվրամիություն հարթությունում, որքան նրանում, թե ինչո՞ւ Մաքսային միության անդամակցության մտադրության մասին ավելի վաղ չի հայտարարվել:
Մեծ առումով, իշխանության գլխավոր փաստարկն այն մասին, թե այս կամ այն քայլը կատարելիս հաշվի է առնվել Հայաստանի համար առաջնային համարվող անվտանգության խնդիրը, ծանրակշիռ է ու քաղաքական-հասարակական դաշտի կողմից այն, կարծես թե, ընկալելի էր:
Ինչ վերաբերում է «Մաքսային միության անդամակցության մասին նախապես հայտարարելու ու եվրոպացի գործընկերների հետ ազնիվ լինելու մասին» թեզին, ապա վերջին 2-3 տարիներին Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությանը հետևած մարդկանց համար այս որոշումը պետք է որ անակնալ չլիներ: Ու դա հենց միայն պատճառով, որ դրա մասին երկրի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է: Առավել հանգամանալից սրան նախագահն անդրադարձել էր դեռ 2012 թվականի դեկտեմբերին` ռուսական լրատվամիջոցներից մեկի տված հարցազրույցում, որտեղ հստակ նշում էր, որ որոշակի տեխնիկական խնդիրները լուծելուց հետո Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը:
Իհարկե, տարբեր քաղաքական գործիչներ հղում են կատարում ՀՀ վարչապետի՝ ռուսական պարբերականներում զետեղված այն հոդվածին, որ առանց սահմանների առկայության անհնար է գտնվել նույն մաքսային գոտում, համարելով, որ վարչապետը բացառել էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը, սակայն այս մասով երկու կարևոր բան պետք է հիշել. առաջին, այդ հոդվածից որոշ ժամանակ անց վարչապետը հանդես եկավ այլ հոդվածով, որում հարցն արդեն այլ փաթեթավորմամբ էր ներկայացվում, և երկրորդ, ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացվում է նախագահի կողմից, ինչը նշանակում է, որ վերլուծություններ և դիտարկումներ անելիս պետք է որպես հիմք ընդունել նախագահի հայտարարությունները:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությանը, ապա հաշվի առնելով ԵՄ պաշտոնական հայտարարությունները` կարելի է ենթադրել, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանի և Եվրամիության մեջ ընթացած բանակցությունները հիմք ընդունելով` Եվրոպան համագործակցության նոր առաջարկ կանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել