Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է հեղինակել ամերիկյան «The New York Times» պարբերականում, որում ներկայացրել է իր դիրքորոշումը Սիրիայի հարցում:
«Աշխարհում ձևավորված ներկայիս իրողությունը և, մասնավորապես, իրավիճակը Սիրիայում ու դրա շուրջ, ինձ դրդել է ուղիղ դիմել Ամերիկայի քաղաքացիներին և քաղաքական գործիչներին: Կարծում եմ, դա կարևոր է, հաշվի առնելով ամերիկյան և ռուսական հասարակությունների միջև կապերի և շփումների պակասը», - գրում է Պուտինը:
Հոդվածում Ռուսաստանի նախագահն անդրադառնում է Սիրիային ռազմական հարված հասցնելու ամերիկյան ծրագրերին և հերթական անգամ պնդում, թե առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, նման քայլը կդիտարկվի որպես ագրեսիա ու կբերի «բռնությունների ու ահաբեկչության նոր ալիքի տարածմանը»:
ՌԴ նախագահի համոզմամբ, Սիրիայի նկատմամբ ցանկացած հարված «կարող է խարխլել Իրանի միջուկային խնդրի, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բազմակողմանի ջանքերը, էլ ավելի անկայունացնել իրավիճակը ողջ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում»:
«Պետք է վերջ տալ ուժի լեզվի կիրառման պրակտիկային, վերադառնալ հակամարտությունների լուծման քաղաքակիրթ և քաղաքադիվանագիտական ճանապարհ», - գրում ՌԴ նախագահը: Նա կարծում է, թե եթե հնարավորություն ընձեռվի խույս տալ Սիրիային հարվածելուց, ապա միջազգային հարաբերություններում արմատապես կփոխվի մթնոլորտը և կամրապնդվի փոխադարձ վստահությունը:
Վլադիմիր Պուտինը հրապարակման մեջ կրկին շարադրում է ռուսական կողմի՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեսակետը:
«Որևէ մեկը կասկածի տակ չի առնում Սիրիայում քիմիական թունավոր նյութերի կիրառման փաստը: Սակայն կան բոլոր հիմքերն ենթադրելու, որ դա արել է ոչ թե սիրիական բանակը, այլ ընդդիմության ուժերը: Նպատակը՝ իրենց դրսի հզոր պաշտպանների ուշադրությունը գրավելն է, ովքեր փաստացի կկանգնեին արմատականների կողմը», - գրում է Պուտինը:
ՌԴ ղեկավարը հորդորում է նաև, որպեսզի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն օգտվեն Սիրիայի կառավարության համաձայնությունից, որով քիմիական զենքը միջազգային վերահսկողության է հանձնվելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ