Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ-ի իշխանությունները հիշեցրել են, որ շարունակելու են պահանջել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքով՝ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Ժնևում հանդիպման ժամանակ Ասադի ռեժիմը շարունակելու հարցը չի քննարկվելու:
«Չեմ կարծում, որ մենք կքննարկենք այդ կարգի մի բան…Բանակցությունը լինելու է այն մասին, թե ինչպես հեռացնել երկրից քիմիական զենքը»,- նշել է Փսակին:
Բացի այդ, ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Սիրիայի հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ուղիով՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության մասնակցությամբ:
Ինչ վերաբերվում է սիրիական քիմիական զենքը միջազգային հսկողության տակ վերցնելուն, ապա Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից ստացել է միայն «գաղափարների ցուցակ», այլ ոչ թե այդ գործընթացն իրականացնելու կոնկրետ փաստաթուղթ: