Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ անկախության տարիներից մինչ այսօր ձևավորվել է պետական չինովնիկների երկրորդ էշալոնի մի խավ, ովքեր, չերևալով եթերներից, հայտնի չլինելով հանրությանը, երեք նախագահների օրոք էլ զբաղեցրել են երկրորդ-երրորդ ռանգի պետական տարբեր պաշտոններ: Այսօր, երբ նայում ենք նրանց ապրելակերպին, տեսնում ենք, որ նրանք շատ ավելի հարուստ են և շատ ավելի ապահով, քան շատ հաճախ այն պաշտոնյաները, ովքեր ավելի շատ երևում են եթերից և ավելի պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: Ասել է, թե` ձևավորվել է երկիրը թալանելով և պետական պաշտոնը չարաշահելով հարստացող երկրորդ-երրորդ ռանգի չինովնիկների մի շերտ, որոնց վերացնելով և որոնց դեմ պայքարելով էլ հնարավոր է Հայաստանում վերջնականապես վերացնել կոռուպցիան և երկիրը դնել զարգացման նոր ուղու վրա: Երբ ուսումնասիրում ենք այս երկրորդ-երրորդ ռանգի մեծահարուստ չինովնիկներին, նրանք շատ հաճախ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների հեռակա բարեկամներն են: 
Հ.Գ. Առաջին ռանգի չինովնիկներն ու առաջին ռանգի քաղաքական դեմքերը, անընդհատ երևալով հանրության աչքին, իրենց վրա են վերցնում հիմնական պատասխանատվությունն ու հարվածները, բայց նրանց ստվերի ներքո գործում է մի այլ մարդկանց խումբ, ովքեր, անընդհատ մնալով և հարմարվելով տարբեր իշխանություններին, փող են կուտակում` թալանելով երկրի ֆինանսական ռեսուրսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել