1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 11-ին հայտարարություն է տարածել Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հայտարարությունը վերաբերել է «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների հանդեպ Ռուսաստանի ճնշումների անընդունելիությանը: Ֆյուլեն ուշագրավ հայտարարություն է արել ճնշման ենթարկվող երկրներին Եվրամիության օժանդակության և աջակցության մասին: Եվրամիությունը, ըստ նրա, կօգնի և կաջակցի ճնշման ենթարկվող երկրներին:

 Այս հայտարարությունը, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու կոնտեքստում: Ակնհայտորեն ճնշման տակ ընդունված այդ որոշումից հետո առաջացել է Հայաստանի ու Եվրամիության հետագա հարաբերությունների թնջուկը: Եվրամիությունը հայտարարել է, որ անհամատեղելի են Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագիրը Մաքսային միության հետ: Այդ մասին ասել է նաև Ֆյուլեն իր հայտարարության մեջ` նշելով, որ խնդիրը ոչ գաղափարախոսական է և ոչ տնտեսական, այլ զուտ իրավական:

 Եվ ահա, այս իրավիճակով հանդերձ, Ֆյուլեի աջակցության և օժանդակության մասին հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք դա վերաբերում է նաև Հայաստանին, այսինքն` արդյո՞ք Եվրամիությունը կօգնի և կաջակցի Հայաստանին էլ դիմագրավել ռուսական ահռելի ճնշմանը: Մյուս կողմից, սակայն, Հայաստանն, ըստ էության, արդեն իսկ տեղի է տվել այդ ճնշմանը և հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մասին: Մինչդեռ Ֆյուլեի հայտարարությունը միգուցե առավելապես վերաբերում է այն երկրներին, որոնք դիմադրության կամք են ցուցաբերել՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան:

 Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիության ասոցացման գործընթացը, Արևելյան գործընկերությունը ստեղծված չէ Ռուսաստանի դեմ, և իրենք խրախուսում են այդ երկրներին խորացնել հարաբերությունը Ռուսաստանի հետ, սակայն Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ համատեղելիության շրջանակում: Իսկ Հայաստանն այս շրջանակը, ըստ էության, անցել է արդեն, առնվազն հայտարարությունների մակարդակով, և եթե Եվրոպան խոսում է համատեղելիության մասին, Հայաստանի իշխանություններն արդեն խոսում են Մաքսային միությանը այս կամ այն գործընթացի չհակասելու մասին: Այսինքն` ըստ էության ահռելի տարբերությունները արդեն իսկ ակնհայտ են:

 Ի դեպ, հետաքրքրական է, որ Ֆյուլեի, ըստ էության, կոնցեպտուալ հայտարարությունը համընկել էր Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ Սերժ Սարգսյանի ունեցած ճաշին: Թե ինչքանով էին այս երկու իրադարձությունները իրար կապված, հայտնի չէ, սակայն Հայաստանը ինտենսիվորեն փորձում է ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ Եվրամիության հետ, ինչը, սակայն, առայժմ ակնհայտորեն չի ստացվում, համենայնդեպս չկան դրա մասին վկայող հայտարարություններ:

 Այնուամենայնիվ, Եվրոպան, դատելով Ֆյուլեի հայտարարության տեքստից, փակելով դուռը, այնուամենայնիվ բաց է պահում պատուհանը Հայաստանի համար: Սակայն պատուհանը ակնհայտորեն շատ բարձր է, և Հայաստանից ակնհայտորեն հսկայական ջանքեր են պահանջվելու այդ բարձրությունը հաղթահարելու համար, եթե իհարկե` Հայաստանի իշխանությունները ուզում են հաղթահարել և պահել Եվրոպայի հետ հարաբերությունները: Առայժմ նկատվում է, որ ուզում են, թեև միգուցե ընդամենը ուզում են իջեցնել նշաձողն ու պրծնել հնարավորինս ցածր գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել