Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
E օղակի ուղեծրով պտտվող Էնցելադը
Էնցելադը Սատուրնի արբանյակներից է: Այն հայտնաբերվել է Ուիլյամ Հերշելի կողմից 1789 թ.-ի օգոստոսի 28-ին։ Էնցելադը Արեգակնային համակարգի ամենառեֆլեկտիվ օբյեկտներից է, քանզի անդրադարձնում է իր վրա արձակվող լույսի գրեթե 100 %-ը:Այն ունի նաև գեյզերներ, որոնցից տիեզերք են արտանետվում սառույցի և փոշու հատիկներ:
Գեյզերների այս լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) Կասինին ուղարկվել էր Սատուրն` հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Գեյզերներից արձակվող փոշեհատիկները ժամանակի ընթացքում կուտակվել են Սատուրնի ձգողականության դաշտի շնորհիվ, և արդյունքում ստեղծվել է օղակներից մեկը: Էնցելադը պտտվում է E օղակի ուղեծրով: Ներքոբերյալ նկարում Էնցելադը օղակի կենտրոնի աննշան սև կետիկն է:
4. Սառցե հրաբուխներով աչքի ընկնող Տրիտոնը
Տրիտոնը Նեպտունի ամենամեծ արբանյակն է: Այն Արեգակնային համակարգի միակ մեծ արբանյակն է, որը պտտվում է մոլորակի պտույտի հակառակ ուղղությամբ: Տրիտոնը Արեգակնային համակարգի երկրաբանորեն ակտիվ փոքրաթիվ արբանյակներից է։ Այլ հրաբուխներից ժայթքում է լավա, մինչդեռ Տրիտոնի հրաբխից` ջուր և ամոնիակ, որոնք սառչում են արտաքին ցածր ջերմաստիճանից: Այլ կերպ ասած` դրանից ժայթքում են սառցե հրաբուխներ: Տրիտոնը աչքի է ընկնում իր լուսային պայծառությամբ և անդրադարձնում է լույսը: Սա տեղի է ունենում Տրիտոնի սառցապատ մակերևույթի շնորհիվ: Տրիտոնը Արեգակնային համակարգի ամենասառը օբյեկտներից է: Դուք հավանաբար լսած կլինեք հեղուկ ազոտի մասին: Տրիտոնի ջերմաստիճանն այնքան ցածր է, որ հեղուկ ազոտն այնտեղ սառցակալում է, ինչի հետևանքով էլ առաջանում է սառցե ռեֆլեկտիվ (անդրադարձնող) շերտը:
3. Օվկիանոսային Եվրոպա
Եվրոպան Յուպիտերի արբանյակներից է: Սա Արեգակնային համակարգի այն արբանյակներից է, որն աչքի է ընկնում հարթ մակերևույթով: Այս արբանյակը սառցե կեղևով պատված օվկիանոս է: Ջրային այս օվկիանոսը գոյացել է Յուպիտերի մակընթացային ջեռուցման շնորհիվ: Այս օվկիանոսում պարունակվող ջուրը Երկիր մոլորակի ջրային զանգվածի կրկնակին է կազմում: Ըստ որոշ աղբյուրների` հնարավոր է, որ Եվրոպայի վրա կյանք լինի:
2. Իոյի հրաբխային աշխարհը
Յուպիտերից եկող մակընթացության հետևանքով Իոյի վրա հրաբխային ժայթքումներ հաճախ են լինում: Այս արբանյակի ողջ մակերևույթը պատված է հրաբուխներով: Ժայթքումներն այստեղ այնքան հաճախակի են, որ Voyager-ին հաջողվել է տեսախցիկով ֆիքսել մի քանի հրաբխային ժայթքումներ (լուսանկարի մուգ կարմիր կետերը): Իոյի վրա խառնարաններ չկան, քանի որ ժայթքումներից գոյացած լավան լցնում է դրանք, և Իոյի մակերևույթը հարթ է մնում: Տիեզերքից այս հրաբխային ժայթքումները տեսանելի են: Այս ժայթքումների մի մասը վեր է խոյանում մինչև 305 կմ բարձրությամբ:
1. Տիտան
Տիտանն Արեգակնային համակարգի ամենատարօրինակ արբանյակն է: Այն հայտնաբերվել է Քրիստիան Հյուգենսի կողմից 1655 թ.-ին: Տիտանը խիտ մթնոլորտ ունեցող միակ արբանյակն է։ Այդ խիտ մթնոլորտի պատճառով երկար ժամանակ անհնար էր տեսնել արբանյակի մակերևույթը: Տիտանի մակերևույթը հնարավոր եղավ ուսումնասիրել միայն 2005 թ.-ին «Կասսինի Հյուգենս» կոչվող սարքի շնորհիվ: Տիտանի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ազոտից, սակայն այնտեղ կա նաև մեթան և էթան: Տիտանի մակերևույթի վրա գոյացել են մեթան-էթանային լճեր և գետեր։ Տիտանի զանգվածը կազմում է Սատուրնի բոլոր արբանյակների զանգվածի 95 %-ը։ Չի բացառվում, որ Տիտան արբանյակի վրա կյանք գոյություն ունենա: Տիտանը կարծես թե օժտված է մարդկային կյանք ծավալելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմաններով` մակերևույթի տակ գտնվող հեղուկ ջուր, ձգողական դաշտ, որը նման է Երկիր մոլորակի արբանյակի ձգողական դաշտին, ինչպես նաև առատ վառելիք և պարարտանյութ: Ո՞վ գիտի, գուցե մի օր մարդկությունը բնակություն հաստատի Տիտանի վրա և սկսի հիմա էլ Արեգակնային համակարգի այս տիրույթն աղտոտել: