Panorama.am-ը գրում է.
Մրգաշատ անունն այսօր Արմավիրի մարզի գյուղին սազական չէ: Գյուղապետ Գևորգ Դանիելյանն ասում է, գյուղացիներից ոչ մեկ ոչ մի տեսակի միրգ չունի: Եղածը բանջարեղեն է, որը գյուղացիները հասցրել են աճեցնել աղետաբեր կարկուտից հետո:
«Որտեղի՞ց լինի, միրգ, խաղող, ոչ մի բան չկա»,-Panorama.am-ին ասաց նա:
Կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար ստեղծված հանձնաժողովը հրապարակել էր, որ այս գյուղում վնասը 100 տոկոս է կազմում: Տուժել է 1130 հողօգտագործող: Գյուղապետի ներկայացմամբ, տուժածներից 1050-ը տարբեր տեսակի օգնություն է ստացել, իսկ 647 ընտանիք էլ 40 հազարական դրամ «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ»-ից:
Հիշեցնենք, որ հիմնադրամի գործունեության ընթացքում հավաքագրվել էր 240 մլն դրամ, որն ի սկզբանե պետք է բաժանվեր շուրջ 12000 տուժած ընտանիքների միջև: Սակայն, հատուկ հանձնաժողովը նպատակահարմար գտավ այդ գումարը բաժանել հիմնականում այն ընտանիքներին, ովքեր ոչ մի տեսակ այլ օգնությունից չէին: Արդյունքում Արմավիրի մարզի տարբեր գյուղական համայնքների 6000 ընտանիքներին բաժին ընկավ 40 հազար դրամ գումար:
Մրգաշատում հիմնականում պտղատու այգիներ էին: Գյուղապետն այսօր դժգոհ է դրանց վերականգնման տեմպերից:
«Մենք հույս չունենք, որ եկող տարի նորմալ բերք կլինի: Երևի երկու տարի հետո նոր մի քիչ կվերականգնվի»,- մտահոգություն հայտնեց Գ. Դանիելյանը:
Գյուղապետի հավաստմամբ, կարկուտի հետևանքով արտագնա աշխատանքի մեկնողների թիվն էականորեն չի ավելացել, մեկնել են նրանք, ովքեր ամեն տարի գնում են:
Ո՞նց են ապրում էդ դեպքում եկամուտից ու ապրուստից զրկված գյուղացիները:
«Դե ամեն մեկը մի բան ստեղծում, աշխատում են էլի: Չեն ապրում էլի, յոլա են գնում, ուղղակի գոյատևում են»,-գյուղացիների վիճակն այսպես ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ