«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի համատեղ հայտարարությանը՝ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց. «Իմ կողմից բանակում մահվան և սպանության դեպքերի ուսումնասիրման նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը նպատակ է հետապնդում մեկտեղել ուժերը և փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախազննության նկատմամբ առկա կասկածները, իսկ, հնարավորության դեպքում, նպաստել այդ զործերի բացահայտմանը՝ փոխադարձ վստահության մթնոլորտում մեկ անգամ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին։

Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ անսխալական չենք, և հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործերը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է։ Հանձնաժողովի առաջին նիստերը հույս էին
ներշնչում, որ կկարողանանք հաղթահարել սկզբնական կասկածամտությունը և օգտակար լինել ծառացած խնդիրների լուծմանը։
Այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությունն առնվազն տարօրինակ է։ Հանձնաժողովի կազմից դուրս գալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռևս առնչություն չունի զինվորական դատախազության հետ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա։ Ավելին՝ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգման ընթացակարգերը, և զինվորական դատախազությունը որևէ պաշտոնական գնահատական չի տվել վերը նշված որոշմանը։ Ուստի զինվորական դատախազության հասցեին հնչեցվող մեղադրանքները և հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկել հանձնաժողովի աշխատանքները։ 

Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար և վստահեցնում, որ անկախ ամեն ինչից՝ հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքները»,–զինդատախազի խոսքերն է փոխանցում թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել