Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները, և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
- Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, - ասաց առաջինը,- ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
- Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
- Իսկ ինչ մնում է ինձ, - ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ, ինձ նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել