Mardik.am-ը գրում է.
Ռեժիսոր Արշակ Զաքարյանի վերջին`«Բոյկոտ- մի հարստացրեք մեր թշնամուն» ֆիլմից հետո թվում էր հանրության դատին պետք է հանձնվեր հայ- վրացական հարաբերությունների մասին պատմող լիամետրաժ ֆիլմ, սակայն այս պահին ընթանում են «Անպետքը» անվանմամբ ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին mardik.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:
Նրա խոսքով` ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ 2.000.000 մլն դրամից երկու օրում արդեն հավաքվել է մոտ 500.000 դրամ: «Եվս 300.000 դրամ հավաքելուց հետո կսկսենք նկարահանման գործընթացը, որից հետո մնացած 1.000.000-ը եթե հավաքվի, ֆիլմը կհասցնենք իր ավարտին»,- մանրամասնեց զրուցակիցս:
«Նման ֆիլմ նկարահանելու գաղափարն իմ մեջ վաղուց էր հասունացել: Այդ ֆիլմով փորձելու ենք համոզել քաղաքացիներին հրաժարվել ինքնասպանություն գործելու մտքից: Ցավոք, այսօր մեզ մոտ ավելացել են ինքնասպանությունները, հետևաբար անհրաժեշտ է ֆիլմի միջոցով բարձրացնել խնդիրը: Մարդիկ սոցիալական խնդիրների, ինչու չէ, նաև սիրային չստացված հարաբերությունների պատճառով իրենց անպետք են համարում և ինքնասպանություն են գործում, բայց մեր ֆիլմի իմաստն այն է, որ աշխարհում անպետք մարդիկ չկան»,- մանրամասնում է ռեժիսորը` հավելելով, որ ցավալի է, բայց ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձնում ինքնասպանության խնդրին:
Mardik.am-ը հետաքրքրվեց` այս պահին, երբ երկրում կան բազում խնդիրներ, երբ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերի` Մաքսային միություն մտնել-չմտնելու առաջ, որքանով է հրատապ ինքնասպանության խնդրի մասին ֆիլմ նկարահանելը: «Այո, երկրում կան բազում հարցեր, բայց ինձ համար ավելի ցավալի ու կարևոր է Կիևյան կամրջից իրեն ցած նետող երկու երեխաների մոր ճակատագիրը: Ամեն մի հայի կյանքն ինձ համար թանկ է»,-պատասխանում է մտավորականը` հավելելով, որ եթե անգամ մի հոգի էլ իր ֆիլմը դիտելուց հետո ինքնասպանություն չգործի, դա արդեն մեծ ձեռքբերում է:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների մասին ֆիլմ նկարահանելուն, պրն Զաքարյանի խոսքով` մեծ գումարներ են անհրաժեշտ ֆիլմի ստեղծման համար:
Արշակ Զաքարյանը չի ակնկալում, որ մեծահարուստները ֆինանսապես կաջակցեն իրեն.«Ես նեղացած չեմ իրենցից: Եթե իրենցից ինչ-որ ակնկալիք ունենայի, կգնայի անձամբ իրենց մոտ և գումար կխնդրեի»:
Գլխավոր հերոսի դերն այս անգամ կմարմնավորի հայտնի դերասան Գեորգի Հովակիմյանը, բայց առիթ կունենանք դիտելու և գնահատելու նաև Արշակ Զաքարյանի կնոջ` դերասանուհի Զառա Հակոբյանի ու այլոց դերասանական խաղը: