Hetq.am-ը գրում է.
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում լարված իրավիճակ է: ԼՀԿ-ի պարտքերն օրեցօր ավելանում են: Ընկերությունը միայն Շամլուղի բաց հանքում հորատման աշխատանքներ իրականացնող «Ապառաժ» ՍՊԸ-ին 1 մլն դոլարից ավելի պարտք ունի: ԼՀԿ-ի արտադրական տեխնոլոգիաները մաշվել են, իսկ սեփականատերերը նոր ներդրումներ կարծես թե չեն ցանկանում կատարել: Լեռնահարստացման կոմբինատի առանցքային պաշտոնյաներն ասում են, որ արդեն հոգնել են ԼՀԿ-ում տիրող բարձիթողի վիճակից:
Ախթալայում շրջանառվող լուրերի համաձայն՝ սեպտեմբերի 5-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և ծառայողական մեքենան ու փաստաթղթերը հանձնելուց հետո ընկերությունից հեռացել է ԼՀԿ-ի գլխավոր ինժեներ Գագիկ Շահնազարյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում Գագիկ Շահնազարյանն ասաց, որ առայժմ արձակուրդի մեջ է, սակայն գլխավոր ինժեները դժգոհեց ԼՀԿ-ում տիրող վիճակից և բարոյական մթնոլորտից:
Ըստ Գագիկ Շահնազարյանի և ընկերության այլ պաշտոնյաների՝ բարձիթողի վիճակն առաջացել է նաև «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի կադրային անլուրջ քաղաքականության պատճառով: Ասենք, որ այս տարվա հունիսի վերջին առանց մեկնաբանությունների ԼՀԿ-ի գլխավոր տնօրենը աշխատանքից ազատել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օրբելի Թարմինյանին: «Թե ինչու բերեց Օրբելի Թարմինյանին և կարճ ժամանակ անց ինչու ազատեց նրան, այդպես էլ չհասկացանք»,- ասում է ընկերության աշխատողներից մեկը:
Օրբելի Թարմինյանին աշխատանքից ազատելուց հետ Մադլեն Թաշճյանը ԼՀԿ-ի կառավարիչ է նշանակել Շամլուղի բաց հանքի պետ Արմեն Նաղդալյանին: Այդուհանդերձ, ընկերության գործերը շարունակում են վատանալ: Մադլեն Թաշճյանը այս տարվա օգոստոսի սկզբին ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ է նշանակել ազգությամբ սերբ Նեդելկո Գուլիչին` ընկերության կնիքը, ֆինանսական և կադրային լիազորությունները հանձնելով նրան:
Պարզվում է՝ Նեդելկո Գուլիչը արտադրության մարդ է և նրան հաջողվել է ԼՀԿ-ն կառավարել: Ընկերության աշխատողները նրա հետ հույսեր էին կապում ԼՀԿ-ի անկումը կանխելու գործում:
Սակայն սեպտեմբերի 5-ին Մադլեն Թաշճյանը 2 երիտասարդ տղաների հետ անակնկալ հայտնվել է լեռնահարստացուցիչ կոմբինատում: Նա ժողով է հրավիրել և իր հետ բերած երիտասարդներից Արտյոմ Աբգարյանին ներկայացրել որպես իր օգնական, իսկ հազիվ մեկ ամիս աշխատած և դեռ աշխատանքից չազատված Գուլիչի փոխարեն հենց վերջինիս ներկայությամբ ոմն Լևոն Սարգսյանի ներկայացրել որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:
Այս ժողովին էլ ԼՀԿ-ի գլխավոր ինժեներ Գագիկ Շահնազարյանը Մադլեն Թաշճյանի դեմ ըմբոստացել է և հայտարարել ընկերությունից իր հեռանալու մասին:
Լուսանկարում՝ Մադլեն Թաշճյանը եւ նրա ամուսին Սերոբ Տեր-Պողոսյանը
Լարիսա Փարեմուզյան