
Այսօր շատերը փորձում են զուգահեռներ տանել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում, սակայն հատուկ հետաքրքրություն են ներկայացնում «պատժելու» մեխանիզմների համեմատականները: Օրինակ` այսօր շրջանառության մեջ են ուզում ներդնել մի կարծիք, որ Եվրոպան այնքան ցիվիլ ու բարի է, որ այսքանից հետո մենակ չինովնիկների վերապատրաստման վերաբերյալ ծրագիր է չեղարկել, մինչդեռ Ռուսաստանը ինչ շանտաժի ասես չի դիմում ու վստահաբար կկասեցներ հայաստանյան ապրանքների ներմուծումը, կբարձրացներ գազի սակագինը և կդիմեր այլ քայլերի, որոնք խփում են հենց ժողովրդին: Հետևություն՝ հավասարակշռված ու բարի Եվրոպան պատժելուց պատժում է միայն չինովնիկներին, իսկ բիրտ ու բռի Ռուսաստանը՝ սովորական մարդկանց:
Քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը երբեք այդքան պարզունակ ու ռոմանտիկ չեն լինում, ուստի պետք է հասկանալ, թե ինչպե՞ս կարող է «պատժել» Եվրոպան մեր փոքրիկ պետությանը և, այնուամենայնիվ, կպատժի՞, թե՞ ոչ: Դա հասկանալու համար նախ պետք է հստակ գնահատել ու տեսնել ազդեցության այն լծակները, որոնց տիրապետում է արևմտյան բլոկը մեր երկրում:
Այսպիսով, վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար հիշատակվում էր, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և արտահանվող ապրանքների 40 տոկոսը գնում էր հենց ԵՄ: Բացի դրանից` վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ստացել է բազմամիլիոնանոց դրամաշնորհներ՝ տարբեր բարեփոխումների և ծրագրերի ի կատար ածման համար, և սա միայն պետական սեկտորը: Հասարակական կազմակերպություններն էլ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել, և այդ հանգամանքը ևս մեծ նշանակություն ունի:
Չմոռանանք հիշատակել նաև մեր վերնախավի բիզնես հետաքրքրությունները Եվրոպայի տարածքում կամ Արևմուտքի մոտից վերահսկվող օֆշորային գոտիներում, հավելենք դրան մեր քաղաքական վերնախավի անկեղծ հույսը, որ իրենք կարող են ինտեգրվել Եվրոպայի բարձրաշխարհիկ շրջանակներում ու դառնալ եվրոպացի կամ գոնե մնալ ռուսի «рукопожатный» ասածը՝ Արևմուտքի համար, և այսքանով թերևս վերջանում են Եվրոպայի ազդեցության իրական լծակները:
Կա սակայն մեկ այլ պարզ իրականություն. աշխարհաքաղաքականության մեջ չկան «բարի» ու «չար» եզրույթներ, «սիրել» ու «չսիրել» եզրույթներ և այլ նմանատիպ ինֆանտիլ որակումները պարզապես լուրջ չեն Մեծ խաղում: Մեր քաղաքական ու հասարակական գործիչները շատ են սիրում հիշատակել Դիզրաելու խոսքը, որ չկան հավերժ ընկերներ, կան հավերժ շահեր, բայց չգիտես ինչու, այնպիսի տպավորություն է սեղծվում, որ այդ խոսքի սիրահարները, որպես կանոն, ընկալում են էդ թեզը միայն Հայաստանի գործողությունների ու քաղաքականության համատեքստում:
Մինչդեռ, աշխարհաքաղաքականության մեջ ուժեղ խաղացողները հենց իրենց շահերով էլ առաջնորդվում են, և եթե վերադառնանք մեր թեմային, թե ինչու Եվրոպան չի պատժում Հայաստանին, ապա նախ պետք է ճիշտ ձևակերպել հարցը և հարցնել «Ինչո՞ւ Եվրոպան ԴԵՌ չի պատժում», իսկ հետո, վերադառնալով վերոնշյալին, բացատրել դա բացառապես Եվրոպայի շահերի պրիզմայից: Ասել է թե` չեն պատժում, որովհետև դա դեռ իրենց շահերից չի բխում, կամ դեռ ժամանակը չէ, բայց ոչ մի պարագայում չպետք է զբաղվել ինքնախաբեությամբ, թե այս բարդ աշխարհաքաղաքական խաղում ինչ-որ եվրոչինովնիկների առանձնապես հուզում է այն հարցը, որ «պատժելուց» հետո Հայաստանը կնեղանա:
Մյուս կողմից, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի համար Հայաստանի հետ ասոցացումը/Մաքսային միության մեջ ներքաշումը իրականում չնչին տնտեսական դերակատարություն ունի: Մի մոռացեք, որ մեր 3 միլիոնանոց շուկան իրոք միկրոսկոպիկ է նման աշխարհաքաղաքական գիգանտների կողքին, ու զուտ տնտեսական չնչին շահով ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չէին բարդացնի իրենց երկուստեք հարաբերությունները:
Այլ հարց է, որ Հայաստանին այս կամ այն կողմը քաշելն ունի կարևորագույն քաղաքական նշանակություն, որովհետև եթե Եվրոպայի ու առհասարակ՝ Արևմուտքի համար դա կնշանակեր Ռուսաստանից ողջ Հարավային Կովկասի «ազատագրում», ապա Արևմուտքի հետ օր օրի ավելի սուր դիմակայության մեջ մտնող Ռուսաստանի համար սա սկզբունքային հարց էր, որը, բացի ինքնին կարևոր լինելուց, վերածվելու է նաև ազդեցության գործիքի ԱՊՀ անդամ այլ պետություններին համոզելու հարցում, և հանուն դրա Ռուսաստանը մինչև վերջ կպայքարեր ու կպայքարի Հայաստանում, այդ թվում նաև Եվրոպայի հնարավոր «պատժիչ» գործողությունները չեզոքացնելու միջոցով:
Այսինքն`
- եթե Եվրոպան որոշի, որ էլ հայկական ապրանքներ չի ներկրի (իսկ էդ ապրանքների մեծ մասը հանքաարդյունաբերության արգասիքներն են), ապա դա կանի Ռուսաստանը՝ կա՛մ «չգնված» ապրանքի ավելցուկը գնելով, կա՛մ էլ այլ միջոցներով կոմպենսացնելով այդ վնասը (օրինակ` գազի գինն իջեցնելով),
- եթե Եվրոպան դադարի դրամաշնորհներ հատկացնել պետությանը, ապա մեծ հաշվով հոգ չէ, որովհետև մինչ այս հատկացված դրամաշնորհների դրական էֆեկտը ինչ որ չի զգացվում,
- եթե դադարի դրամաշնորհներ հատկացնել հասարակական սեկտորին, ապա էլի հոգ չէ, որովհետև դրանից օգուտը ավելի շատ կլինի, քան վնասը (օրինակ, հասարակությունը մի քիչ կհանգստանա գենդերային թեմաներից ու ադրբեջանական կինոդիտումներից),
- եթե Եվրոպան սկսի խնդիրներ ստեղծել հայկական բիզնեսի ու կապիտալի համար, ապա Ռուսաստանն այնպես կանի, որ դրանք Եվրոպայից ու օֆշորներից տեղափոխվեն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող գոտիներ և այսպես շարունակ:
Ու Ռուսաստանը կանի դա և կանի ոչ թե արդեն կլիշե դարձած «դարավոր եղբայրության» վրա հիմնվելով, այլ նույն Դիզրաելու սկզբունքից ելնելով՝ դա բխում է արդեն իր շահերից: Հայաստանին իր տիրույթում պահելը, անգամ եթե որոշակի ֆինանսական ծախսեր է ենթադրում, միևնույն է, աշխարհաքաղաքական դիվիդենտներ է խոստանում, որոնք շատ ավելի շատ արժեն, քան տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի մոլիբդենը:
Հենց սրանով, ինչպես նաև այն հանգամանքով, որ դեռ կարճ ժամանակ է անցել Հայաստանի կայացրած որոշումից, պայմանավորված է Եվրոպայի դեռևս մեղմ դիրքորոշումը: Եվրոպացիները միամիտ չեն և ստեղծված իրավիճակի վրա աշխատում են նաև նրանց տեխնոլոգները, որոնք հավանաբար հուշում են, որ Եվրոպայի շահերից չի բխում բիրտ «պատժիչ» կառույցի համբավ ձեռք բերել Հայաստանի հետ հարաբերություններում, առավել ևս, որ ցանկացած քայլ կառաջացնի կոմպենսացնող քայլ Ռուսաստանի կողմից:
Այսպիսով, ամփոփելով կարելի է ասել, որ եթե անգամ Եվրոպան փորձի կիրառել Հայաստանում իր ունեցած ազդեցության մեխանիզմները, ապա դրանց արդյունավետությունը մոտ կլինի 0-ին, և ոչ մի լուրջ ցնցումներ սպասել պետք չէ: