Ըստ հայտնի ողբերգակ Եվրիպիդեսի` «Հայտնի քաղաքում ծնվելը երջանկության առաջին գրավականն է»: Այս ցանկի բոլոր քաղաքները չէ, որ հայտնի են, սակայն դրանք բոլորն էլ մեծ ազդեցություն են թողել աշխարհի վրա: Այս ցուցակում ընդգրկված քաղաքների բնակչությունը չի գերազանցում 125,000-ը: Աթենքը, Հռոմը, Նյու Յորքը, Լոնդոնը, Փարիզը և մի շարք այլ մեծ քաղաքներ մշտապես հանդիսացել են արվեստի, մշակույթի, քաղաքականության կենտրոն և աչքի են ընկել խիտ բնակչությամբ: Այս մեծ քաղաքների կողքին կան նաև փոքրիկ քաղաքներ, որոնք աչքի են ընկնում հարուստ պատմամշակութային ժառանգությամբ:

10

Բեթել, ԱՄՆ

Բնակչությունը` 4,255

Bzlevine 001

Բեթել քաղաքը գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը 1969 թ.-ին, երբ շուրջ 500,000 մարդ (մոտ 100 անգամ ավելի շատ, քան Բեթելի բնակչությունն է) հավաքվեց Մաքս Յասգուրի ագարակի մոտ` «Վուդստոկ» փառատոնի շրջանակներում: «Վուդստոկ» փառատոնը ռոք երաժշտության քառօրյա փառատոն է, որը մեկնարկել է 1969 թ.-ի օգոտստոսի 15-ին և ավարտվել օգոստոսի 18-ին: Այն միտված էր մարդկանց խաղաղության կոչ անել: Այս փառատոնի շնորհիվ այդ ամառ Բեթելը դարձավ աշխարհի ամենահայտնի վայրերից մեկը: Ի սկզբանե ծրագրված էր, որ փառատոնը երեք օր պետք է տևի, սակայն այն սպասվածից ավելի երկար տևեց: Ակնկալվում էր, որ կհավաքվի 60 հազար հանդիսատես, սակայն փառատոնի օրն այնտեղ ավելի քան կես միլիոն մարդ կար: Նրանց մեծ մասը հիպպիական շարժման ներկայացուցիչներ էին: Փառատոնի ավարտին գրանցվեց ԱՄՆ-ի պատմության ամենամեծ ավտոճանապարհային խցանումը, որի արդյունքում Նյու Յորքի ճանապարհների երթևեկությունը կաթվածահար էր եղել: Այսօր արդեն 45 տարի է անցել այս փառատոնի մեկնարկից, սակայն այն մնում է ամենաազդեցիկ և հեղինակավոր երաժշտական փառատոնը: Միայն ափսոս, որ «Վուդստոկ» փառատոնի հակապատերազմական հաղորդագրությունները այդպես էլ չհասան «հասցեատերերին»: 

 

9

Մաստրիխտ, Նիդեռլանդներ

Բնակչությունը` 121,831

 Maastricht-0

Մաստրիխտը Լիմբուրխի գավառի մայրաքաղաքն է: Քաղաքը համընդհանուր ուշադրության առարկա դարձավ 1990 թ.-ին Մաստրիխտի դաշնագրի ստորագրումից հետո: Այն պաշտոնապես հայտնի է իբրև «Եվրոպական Միության պայմանագիր» և համարվում է Եվրոպական մայրցամաքի ժամանակակից պատմության ամենակարևոր պայմանագիրը: Պատմության մեջ սա միակ պայմանագիրն է, որում այդքան համապարփակ անդրադարձ է կատարվում տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային ասպարեզներին, և որի մասնակիցն են այդքան շատ երկրներ և պետություններ: Մաստրիխտի պայմանագիրը ստորագրվել է 1992 թ.-ի փետրվարի 7-ին, ինչից հետո Մաստրիխտը համաշխարհային հռչակ է ձեռք բերել:

 

8

Սիգիշոարա, Ռումինիա

Բնակչությունը` 27,000

Sighisoara

Ընթերցողների գերակշռող մեծամասնությունը հավանաբար երբևէ չի լսել այս քաղաքի մասին: Սա այն դեպքերից է, երբ քաղաքը ձեռք չի բերել այն հռչակը, որին արժանի է: Տրանսիլվանիայի կամ Կարապատյան լեռների մասին լսելիս ի՞նչն է առաջին հերթին անցնում ձեր մտքով: Վալախիայի արքայազն Վլադ երրո՞րդը: Հազիվ թե: Դրա՞կուլան: Դե իհարկե: Վլադ Երրորդը և Դրակուլան միևնույն մարդն են, սակայն այս կերպարը ավելի հայտնի է Դրակուլա անունով:  

Շատ մարդիկ անտեսում են, որ Դրակուլան, ով ոգեշնչել է Բրեմ Սթոքերին գրել սարսափ ժանրի պատմության ամենահանճարեղ ստեղծագործություններից մեկը, ծնվել և մեծացել է Ռումինիայի փոքր քաղաք Սիգիշոարայում: Նրա մասին բազում կինոնկարներ են ստեղծվել, որոնք միլիարդավոր դոլարների շահույթ են բերել: Տրանսիլվանիան, որը հաճախ սխալմամբ ներկայացվում է իբրև Դրակուլայի հայրենիք, իրականում պարզապես այն մարզն է, որում գտնվում է Սիգիշոարա քաղաքը: Ներկայումս այն ամրոցը, որտեղ ծնվել է Դրակուլան, վերածվել է թանգարան-ռեստորանի:

 

7

Առլ, Ֆրանսիա

Բնակչությունը` 53,000

Arles

Մ.թ.ա. առաջին դարում Հուլիոս Կեսարը իր գրաված Առլի տարածքը հանձնեց հաղթական հռոմեական լեգեոններին: Այն աստիճանաբար դարձավ Հռոմեական կայսրության երկրորդ մայրաքաղաքը` հայտնի իբրև «Հռոմի Փոքր Գալիա»: Իբրև Հռոմի կենտրոնական քաղաք` այն աչքի էր ընկնում մի շարք տպավորիչ կառույցներով: Դրանցից շատերը անգամ այսօր ակտիվորեն շահագործվում են: Այն ժամանակներում կառուցված բազում հուշակոթողներ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում են ընդգրկվել: 19-րդ դարում Առլ քաղաքը նշանավորվեց մեծագույն նկարիչներից մեկի` Վան Գոգի շնորհիվ, քանզի նա ապրում և ստեղծագործում էր Առլում: Երբ 1888 թ.-ին Վան Գոգը կտրեց սեփական ականջը, նրան տեղափոխեցին Դյու` 16-րդ դարի հիվանդանոց: Վան Գոգը հետագայում նկարել է այս հիվանդանոցի պարտեզը: Այլ նկարիչներ ևս անդրադարձել են Առլի տարբեր վայրերի: Նկարների այս շարքը հայտնի է իբրև «Առլի նկարներ»: Դրանցից ամենահայտնին Վան Գոգի «Ռոնի աստղազարդ գիշերն» է:


6

Յորքթաուն, ԱՄՆ

Բնակչությունը` 65,464

Yorktown Battlefield Monument By Ladybug1985-D3G5H19

Յորքթաունը մի փոքրիկ ու խաղաղ վայր է Վիրջինիայի Յորքի կոմսությունում: Այն առանձնապես աչքի չի ընկնում զբոսաշրջությամբ կամ բնակիչների ակտիվ կենսակերպով: Սակայն այս վայրում է տեղի ունեցել Ամերիկայի անկախության պատերազմի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը, որը հայտնի է «Յորքթաունի պաշարում» անվամբ: Յորքթաունի ճակատամարտում ամերիկյան և ֆրանսիական զորքերը մարտնչում էին բրիտանական զորքի դեմ: Պատերազմն ավարտվեց այս ճակատամարտով: Արդյունքում ԱՄՆ-ն Բրիտանիայից անկախ պետություն հռչակվեց: Ցավոք, ներկայումս Յորքթաունի միակ կոթողը, որ կարող է գրավել այնտեղ այցելող փոքրաթիվ զբոսաշրջիկներին, 1884 թ.-ին կանգնեցված «Հաղթանակի հուշարձանն» է:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել