Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Է. Նալբանդյանի հետ Ազգային ժողովում կազմակերպված փակ քննարկումը մեր ժողովրդի թիկունքում կատարվող հերթական քայլերից մեկն էր: Վարչախմբի պարագայում ամեն ինչ պարզ է` նրա մեջ ներառված ուժերն ու անձինք բացահայտ կերպով ուրացել են ազգային շահերը և դրանց հաշվին իրացնում են իրենց կլանային ու անձնական շահերը: Իսկ իրենց ընդդիմադիր հորջորջող կուսակցականներն ու պատգամավորները, նշված քննարկմանը մասնակցելով, արդեն իսկ ջնջում են իրենց և վարչախմբի միջև եղած տարբերությունները: Եվ եթե նրանք այսօր ևեթ չհրապարակեն այդ քննարկման արդյունքները և շարունակեն դրանք ժողովրդից գաղտնի պահել, ապա հերթական անգամ կապացուցեն, որ մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած ապազգային ու հանցավոր համակարգի մասն են և նույնական են վարչախմբի հետ: Որ ճանաչում և լեգիտիմացնում են ազգուրաց վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին: Եվ որ գործակից ու հանցակից են նրանց: Քաղաքական կարճատեսությամբ տառապող, իր ժողովրդի ու նրա ուժերի նկատմամբ հավատից զուրկ ստրկամիտ մարդկանց այս տեսակը` վարչախմբի ներկայացուցչի, թե ընդդիմադիրի կարգավիճակով, ներկայումս թիվ մեկ սպառնալիքն է հայության համար: Արտաքին հարցերում քաղաքական կողմնորոշման, իսկ ներքին հարցերում` քաղաքական առևտրի կողմնակից այս տեսակը պետք է փոխարինվի քաղաքական նոր սերնդով, եթե մենք ցանկանում ենք մեր տեղն ունենալ արևի տակ: Եկել է ընտրության պահը. այսպես այլևս չի կարող շարունակվել: Ուստի առկա քաղաքական ակտիվի` դեռևս իրենց ազնվությունը պահպանող ներկայացուցիչները պետք է մեկընդմիշտ կողմնորոշվեն, իսկ մեր ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, որդեգրի վճռական մենակի գործելակերպ և իր քաղաքական կամքը ձևավորի ու արտահայտի առանց այս տեսակին ու նրա տեսակետը հաշվի առնելու` արտաքին և ներքին բոլոր հարցերում հիմնվելով հայաստանակենտրոնության և հայակենտրոնության սկզբունքի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/587333494664086
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել