
Պատերազմները մարդկության պատմության անբաժանելի մասն են, իսկ ոմանց կարծիքով էլ՝ զարգացման գլխավոր գրավականն են: Ըստ էության, բոլոր պատերազմներն էլ իրար նման են՝ անկախ մասնակցող կողմերից ու արդյունքից, բայց վերջին 20-ամյակում պատերազմների նոր տեսակ է կարծես ներդրվում ԱՄՆ-ի կողմից: Այս պատերազմները հիմնված են երկու սկզբունքի վրա. ցինիզմի ծայրագույն աստիճանի հասնող սուտ, որը ծառայեցվում է որպես պատերազմ սկսելու պատրվակ, և սուվերեն պետության ոչնչացում ու կազմաքանդում:
Այս դոկտրինի պաշտոնական սկիզբը կարելի է համարել Հարավսլավիայի 1999-ի ռմբակոծությունները, որովհետև եթե 1995 թվականին Հարավսլավիային հարվածներ էին հասցնում արած գործերի համար, ապա 1999-ին դա արեցին չարված գործի համար: ՆԱՏՈ-ի ռմբակոծությունների պատրվակ դարձավ այսպես կոչված Ռաչակյան միջադեպը, որի ժամանակ, ըստ կոսովյան ալբանացիների, սերբական զինված ուժերն ու իրավապահները խաղաղ բնակչության զանգվածային սպանդ էին արել և 40 հոգու գնդակահարել էին:
Շարունակությունը հայտնի է. Հարավսլավիան հողին հավասարեցրին, Կոսովոն և Չեռնոգորիան դուրս եկան Հարավսլավիական դաշնության կազմից, և այն դադարեց գոյություն ունենալ, քանի որ դրա կազմում մնացել էր միայն Սերբիան: Այնինչ, տարիներ անց իրարից անկախ բելառուսական, ռուսական և ֆիննական փորձագիտական խմբերը մանրազնին ուսումնասիրեցին Ռաչակյան սպանդի զոհերի մարմինները, և օ՜ հրաշք: Պարզվեց, որ միայն մի դիակի մասով կարելի է ասել, որ տեղ է գտել անզեն խաղաղ բնակչի սպանությունը, իսկ մնացածների ձեռքերի վրա հայտնաբերվել են բարութի հետքեր, ինչը խոսում է այն մասին, որ մահանալուց անմիջապես առաջ նրանք կրակել են, իսկ մարմնին եղած գնդակների հետքերը չեն համապատասխանել հագուստների վրա եղած անցքերի հետ:
Այսինքն` տեղ է գտել կեղծիք, որի վրա հիմնվելով` Հարավսլավիան կործանեցին, և որ ամենահատկանշականն է, անգամ ափսոսանքի խոսք չհայտնեցին, երբ կեղծիիքը բացահայտվեց:
Հաջորդ դրվագը սեպտեմբերի 11-ն էր ու դրան հետևած Աֆղանստանյան նոր պատերազմը: Այսօր կան մի շարք վարկածներ, համաձայն որոնց` ԱՄՆ-ը հենց ինքն է կազմակերպել սեպտեմբերի 11-ի ողբերգությունը, սակայն եթե այս վարկածները կարելի է վերագրել ԱՄՆ-ին ոչ բարյացակամ վերաբերվող ուժերին, ապա հենց ԱՄՆ-ում արդեն բազմիցս է խոսվել ու փաստեր են բերվել, որ եթե անգամ ԱՄՆ-ը դա չի կազմակերպել, ապա ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները տեղյակ են եղել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին, սակայն ոչինչ չեն արել, որպեսզի կանխեն այդ ողբերգությունը:
Սրա հետևանքները ևս հիշում ենք. ամերիկացիները ստեղծեցին «Դաշինքների դաշինքը», որի մեջ էին մտնում մոտ հարյուր տարբեր պետություններ, և ներխուժեցին միջնադարում գտնվող Աֆղանստան, որպեսզի պատժեն թալիբներին ու Բեն Լադենին: Միայն 2011 թվականին հայտարարվեց Բեն Լադենի սպանության մասին, սակայն Բեն Լադենի դին այդպես էլ չցուցադրվեց, և եթե չհաշվենք արդեն բեսթսելլեր դարձած գրքերն ու հոլիվուդյան ֆիլմերը այս օպերացիայի մասին, ոչ մի ուղղակի կամ կողմնակի փաստ չկա, որ Բեն Լադենը հենց այդ ժամանակ է սպանվել կամ որ առհասարակ սպանվել է:
Դե իսկ Աֆղանստանը միջին դարերից գլորվեց դեպի քարե դար, նոր թափով վերսկսվեցին ցեղերի ու միջէթնիկական բախումները, իսկ երկրում թռիչքային աճեց թմրանյութերի արտադրությունը, և այժմ Աֆղանստանում է արտադրվում հերոինի համաշխարհային արտադրության 90 տոկոսից ավելին (թալիբների օրոք այս ցուցանիշը մոտ տասն անգամ ավելի ցածր էր):
Քոլին Փաուելլի ու իր կախարդական սրվակի պատմությունն արդեն անեկդոտների է վերածվել, իսկ ինքը՝ Փաուելը, իր ինքնակենսագրությունում խոստովանել է, որ 2003 թվականին ինքը ստում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, և իրականում ոչ մի լուրջ հետախուզական տվյալ էլ չկար, որ Սադդամը քիմիական զենք ունի կամ մշակում է նորը, բայց դե նույն «կլյաուզի» սցենարը էլի գործարկեցին և էլի հարձակվեցին մի երկրի վրա՝ քիմիական զենք ունենալու, Բեն Լադենին աջակցելու ու արյունոտ բռնապետ ունենալու ծանրագույն մեղադրանքներով:
Արդյունքում, ոչ մի գրամ քիմիական զենք չհայտնաբերվեց, ոչ մի փաստ, որ կխոսեր Սադդամի ու Բեն Լադենի համագործակցության մասին, չբացահայտվեց, դե իսկ արյունոտ բռնապետ Սադդամի իշխանության ողջ ընթացքում եթե սպանվել էր 16000 հազար մարդ (որոնց զգալի մասը Իրանի հետ պատերազմում զանցանքներ ու հանցանքներ թույլ տված զինվորականներ էին), ապա ամերիկյան ազատագրումից հետո զոհված խաղաղ բնակիչների թիվը արդեն հասել է 1 միլիոնի:
Հիմա, երբ արդեն պաշտոնապես հայտարարվել է ԱՄՆ ռազմական ներկայության ավարտի մասին, և Իրաքում վերահսկողությունն (վայ այդ վերահսկողությանը) անցել է իրաքյան ուժերի ձեռքը, մենք իրականում գործ ունենք ոչ թե մեկ երկրի հետ, այլ լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի նախաշեմին գտնվող երեք մասից բաղկացած կոնֆեդերատիվ կառույցի հետ, որը սպառնում է մեծ արյան գնով բաժանվել քրդական, սուննիական և շիա մասերի:
Ի դեպ, իրաքյան ողբերգության մեջ ամենամեծ զավեշտը կայանում է նրանում, որ այն քիմիական զենքը, որով Սադդամը հազարավոր քրդերի էր ոչնչացրել իրաքյան Քուրդիստանում, այն քիմիական զենքը, որի պատճառով (նաև Քուվեյթը գրավելու) 1991-ին սկսվեց Իրաքյան առաջին պատերազմը, այն զենքը, որի պատճառով ռմբահարեցին 1997-ին, իսկ հետո ներխուժեցին նաև 2003-ին, Իրաքին էր հասել… ԱՄՆ-ի շնորհիվ ու անմիջական դերակատարությամբ:
Այն, ինչ արեց ԱՄՆ-ը Քադդաֆու հետ, դա ցինիզմի ու հակահումանիզմի ապոֆիոզն էր: Լիբիական ճգնաժամը շատ բաներով հիշեցնում էր սիրիական ճգնաժամը, և բռնությունների հենց առաջին օրերից ակնհայտ էր, որ «խաղաղ ցուցարարներ» ասվածը շատ հարաբերական հասկացողություն էր, որովհետև ամեն խաղաղ ցույց ցրելիս զոհվում էին նաև իրավապահներ, էլ չխոսեմ այն բանի մասին, որ այդպես էլ ոչ ոք չհետաքննեց, թե զոհված խաղաղ ցուցարաներին իրո՞ք կառավարական ուժերն էին սպանում, թե՞ այլ շահագրգիռ կողմեր: Սակայն սրանով էլ չեն սահմանափակվում ցինիզմն ու սուտը, որը դրսևորվեց Լիբիական ճգնաժամի ժամանակ:
Օգտագործելով բոլոր հնարավոր լծակներն ու ստերը` ԱՄՆ-ին և իր սատելլիտ դարձած եվրոպական տերություններին հաջողվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացնել «Ոչ թռիչքային գոտի» սահմանելու մասին բանաձև, ինչը նշանակում էր, որ պետք էր նաև ռազմական միջամտության միջոցով այնպես անել, որպեսզի Քադդաֆու օդուժը մնա գետնին գամված: Դա ենթադրում էր ՀՕՊ համակարգը կաթվածային աստիճանի հասցնել ու առավելագույնը օդնավակայաններին ու օդային թիրախներին հարվածներ, բայց գործնականում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի օդուժը հարվածներ էր հասցնում կառավարական ցամաքային զորքերին ու ռազմական ինֆրաստրուկտուրային, և այսօր շատ փաստեր կան, որոնք վկայում են, որ բանը հասել էր նաև հատուկ նշանակության ուժերով որոշ ցամաքային օպերացիաների իրականացմանը՝ այդ թվում նաև Քադդաֆուն գերեվարելուն ու «ապստամբներին» հանձնելուն: Դե իսկ այս ողբերգության կուլմինացիան սուվերեն երկրի առաջնորդի առանց դատ-դատաստանի սպանությունն էր ու Հիլարի Քլինթոնի հիացական արձագանքը դրան:
Վերջապես, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման մասին. ամեն ինչ խոսում է նրա մասին, որ վերոնշյալ պատերազմների ոգով այս այս դեպքում էլ պատերազմական գործողությունները կհետևեն պարզունակ սադրանքին, որի ականատեսը կարծես թե եղանք: Օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում կիրառվեց քիմիական զենք, ինչի արդյունքում զոհվեց ավելի քան 1500 մարդ:
Ի սկզբանե այս միջադեպը վերագրվեց Ասսադի զորքերին, սակայն առաջին իսկ հայացքից աչքի էին զարնում մի քանի տարօրինակություններ. Ասսադը հիմար չէր, որ աներ մի բան, որը հաստատորեն կբերեր արտաքին միջամտության, առավել ևս, ինչո՞ւ պետք է քիմիական զենք կիրառեր իր վերահսկողության տակ գտնվող տարածքում այնպես, որ զոհերի զգալի մասը հենց կառավարական զորքերի զինվորներ լինեին: Սա էլ դեռ բավ չէ, զոհվածների մեջ խիստ մեծ թիվ էին կազմում երեխաները, ինչը միանգամայն դիսոնանս էր առաջացնում թեժ մարտական գործողությունների գոտու վարկածի հետ:
Այս հանելուկը պարզվեց միայն վերջերս և ի թիվս այլ փաստերի եկավ ապացուցելու այն ակնհայտ իրողությունը, որ քիմիական զենքի կիրառության հետ Ասսադը ոչ մի կապ չունի, և սա հերթական «Ռաչակյան սպանդն» ու «Փաուելյան սրվակն» էր, որովհետև պարզվեց զոհված երխաներից շատերի իինքնությունը. նրանք դեռ օրեր առաջ ալավիաբնակ գյուղերից «ընդդիմադիրների» կողմից առևանգված երեխաներն էին...
Դրանով էլ հենց բացատրվում է երեխաների նման բարձր կոնցենտրացիան քիմիական զենքի կիրառման գոտում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը համառում է և իր շուրջ արդեն համախմբել է G20 անդամ 25 երկրներից 11-ին և պնդում է ռազմական միջամտության տարբերակի վրա: Հաջորդ շաբաթ ԱՄՆ Սենատը քվեարկելու է ռազմական միջամտությունն արտոնող օրինագծի վերաբերյալ, ինչն էլ ըստ երևույթին կլինի այն կարմիր գիծը, որին կհաջորդեն ռազմական հարվածներ, և անկախ նրանից, թե ինչ ինտենսիվություն դրանք կկրեն, և ինչ հետևանքներ դրանք կունենան, այսօր արդեն կարելի է փաստել, որ հերթական անգամ օտար ուժերը միջամտելու են սուվերեն երկրի ներքին հարցերին և դա անելու են ակնհայտ սադրանքի հիման վրա, և հերթական անգամ ՄԱԿ-ը հայտնվում է մի կարգավիճակում, որը հատուկ էր Ազգերի լիգային 30-ականներին: Այն անգամ դա բերեց աշխարհամարտի, մի՞թե այս անգամ էլ հնարավոր չի լինի խուսափել դրանից…