1in.am-ը գրում է.

Ուղիղ 12 տարի առաջ 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հողին հավասարեցրեց Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերները: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեց շուրջ 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորած են: Սակայն բացի մարդկային զոհերից, այս ահաբեկչությունն իր հետևից թողեց նաև բազմաթիվ տնտեսական խնդիրներ: 

Նյու Յորքի փլուզված երկնաքերներում էին գտնվում համաշխարհային շուկայի այնպիսի տիտանների գլխավոր գրասենյակները, ինչպիսիք են Merrill Lynch և Solomon Brothers-ը, Chase, Manhattan Bank-ը, Bank of America և Bank of New York-ը: Ահաբեկչությունից անմիջապես հետո մասնագետները կարծիք հայտնեցին, որ այն մեծ հարված է հասցնելու համաշխարհային տնտեսությանը: Նավթի գները միանգամից աճեցին և հիմնական պատճառն այն էր, որ ներդրողները մտավախություն ունեին, թե ԱՄՆ-ը կսկսի Մերձավոր Արևելքում վրեժի ծրագիր իրականացնել: BP և Shell խոշորագույն նավթային կազմակերպությունների բաժնետոմսերն աճեցին միանգամից 6 տոկոսով: Ահաբեկչության հաջորդ օրն արդեն արժեզրկվեց եվրոն և նրա համեմատ աճեց դոլարը: Դոլարի համեմատ արժեզրկվեցին նաև բրիտանական ֆունտ ստերլինգը, շվեյցարական ֆրանկն ու ճապոնական իենը: 

Այդուամենայնիվ, փորձագետները կանխատեսում էին, որ Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները շատ մեծ հարված են հասցրել ամերիկյան դոլարին և շուտով միջազգային ներդրողները կկորցնեն իրենց վստահությունը դոլարի նկատմամբ: Բացի տնտեսական փոփոխություններից, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը արմատապես փոխեց ԱՄՆ-ի ռազմական ծրագրերը: Հենց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը եղավ այն հիմքը, որով ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը սկսեց պատերազմն Իրաքում: Այսօր, ահաբեկչությունից 12 տարի անց, ընդամենը 11 օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց պատերազմի ավարտի մասին: 

««Ազատություն Իրաքին» գործողությունն ավարտված է: Այժմ Իրաքի ժողովուրդն է իր երկրի անվտանգության պատասխանատվությունը կրում: Սա կարևոր գլուխ էր ինչպես ԱՄՆ, այնպես էլ Իրաքի պատմության մեջ: Մենք իրացրինք մեր ստանձնած պատասխանատվությունը, սակայն եկել է ժամանակը շրջել էջը», - ասել է Բարաք Օբաման օգոստոսի 31-ին:

Մինչ օրս հայտնի չէ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության իրական պատճառը: World Public Opinion կազմակերպությունը հարցում է անցկացրել 17 երկրներում: Դրանցից միայն ինը երկրներում է հարցվածների մեծամասնությունը հավատում վարկածին, թե սեպտեմբերի 11-ը Բեն Լադենի ձեռքի գործն է: Ավելի շատ այս տեսությանը հակված է հավատալու Աֆրիկայի բնակչությունը: Հարցվածների միայն 46 տոկոսն է հավատում «Ալ Քաիդայի» մեղսակցությանը: 15 տոկոսը հավատում է մյուս` նույնպես շատ շրջանառվող վարկածին, թե ահաբեկչական հարձակումը կազմակերպել է հենց ԱՄՆ կառավարությունը, որպեսզի արդարացնի Իրաքի դեմ հարձակվելու ծրագրերը: Այս տեսակետը բավականին տարածված է հատկապես Մերձավոր Արևելքում: Գերմանիայում այս կարծիքին է հարցվածների 23 տոկոսը, ռուսների և իտալացիների շրջանում` 15 տոկոսը: Հարցման մասնակիցների 7 տոկոսը զույգ աշտարակների դեմ հարձակման մեղավոր է համարում Իսրայելին: 7 տոկոսն էլ կատարվածի վերաբերյալ իր վարկածն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել