
Լրատվական միջոցներով, բազմաթիվ հաղորդաշարերով, նորօրյա ժողովրդական բանահյուսությամբ արտերկրյա կյանքը գերազանցաբար պատկերվում է որպես մի միջավայր, որտեղ հայը կարողանում է ինքնադրսևորվել և հասնել հաջողությունների, դառնալ «քրքորյաններ»: Ի՞նչ խոսք, դա կա, անհնար է անտեսել: Բայց դա «լուսնի» մի հատվածն է, լուսավոր հատվածը: Ոչ մեծ հատվածը:
Իսկ ինչո՞ւ ավելի շատ չի լուսաբանվում այն հատվածը, որտեղ փառահեղ էջեր առանձնապես շատ չկան: Չէ՞ որ դա էլ է իրականության մասը:
Ինչո՞ւ պարբերաբար չենք ասում, որ օրինակ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի բանտերում տասնյակ հազարավոր հայորդիներ կան, անգամ բազում աղջիկներ:
Ինչո՞ւ չենք ասում, որ շատերը, այստեղից ընտանիքներով հեռանալով, դրսում կորցնում են այն՝ զավակներին տալով այն հանրությանը, ավելի ճիշտ՝ հանրության այն շերտին, որի մեջ ապրում են: Եվ շատ դեպքերում նրանց զավակները, ստորին բարքերի ազդեցությամբ, չարիք ու փորձանք են դառնում ծնողների գլխին (թմրամոլություն, բանդիտիզմ, անառակաբարո ապրելակերպ և այլն):
Ինչո՞ւ չենք ասում, որ շատերն այդպես էլ հաջողության չեն հասնում, առավելապես՝ արտագաղթելուց հետո, առանձնապես փոփոխություն չեն ունենում իրենց կյանքում, բայց չեն վերադառնում, քանի որ իրենց «թքածը լզել» չեն ուզում:
Շատերն իրենց ձախողումները թաքցնում են՝ այլոց սեփականության վրա լուսանկարվելով ու այստեղ մնացողներին «ջիջիլ» գցելով:
Ինչո՞ւ չենք ասում, որ շատ հայ տղամարդիկ, կապվելով օտար կանանց հետ, քանդում են իրենց ընտանիքները:
Ինչո՞ւ չենք ասում, որ օրինակ ուրալյան և սիբիրյան բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերում (միգուցե ուրիշ շատ տեղերում էլ, ես այս տեղանքներից եմ ինֆորմացված), իրենց ինքնասիրությունն ու արժանապատվությունը ոտնատակ տալով, օրվա հացի համար գոյություն են քարշ տալիս՝ վերածվելով սովորական ալկաշների:
Էլ չասած տարաբնույթ խտրականությունները, ոչ առաջնային սորտի պատկանելիությունը և էլի ու էլի շատ բացասական երևույթներ...
Կարծում եմ, որ այս երևույթների պարբերաբար լուսաբանումը կնպաստի արտագաղթի նվազմանը, և շատերը կհասկանան, որ դրսի վիրտուալ «ոսկե սարերին» հասնելու փոխարեն անհրաժեշտ է արժանապատիվ ապրելու իրավունքի համար պայքարել հայրենի երկրում, որտեղ միայն կկարողանանք անվտանգ ու անկախ կյանք ապահովել մեր սերունդների համար: