«Մարդասպաններին ազատ եք արձակում դեռևս գործը դատարան չմտցրած, իսկ ավազակների դեմ անզեն պայքարողները կալանքի տակ են»,- այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Տիգրան Առաքելյանը, երբ դատարանը կրկին մերժեց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը: ՀԱԿ ակտիվիստների փաստաբաններ, Ստեփան Ոսկանյանն ու Մուշեղ Շուշանյանի դատարանին ուղղված համատեղ միջնորդության մեջ հիմնավորել են, որ Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելու բոլոր ողջամիտ ժամկետներն արդեն անցել են: Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելով՝ խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը: Բացի այդ փաստաբանը որոշ նախադեպային օրինակներ բերեց Եվրոպական դատական պրակտիկայից, երբ մեղադրյալին կալանքից ազատում են՝ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար դրույթների վրա: Փաստաբան Ոսկանյանը միջնորդությանը կից կարդաց նաև ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հայտարարությունը, որով կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաեւ վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը: Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Միջնորդությունը ներկայացնելուց հետո Տիգրան Առաքելյանն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ: «Իմ այս հայտարարությունը նախ և առաջ հղում եմ այս գործի քավորին: ՀՀ-ում , երբ քրեական գործով քաղաքական հետապնդում է իրականացնում և այն որոշակի հնչեղություն է ստացել, անպայման ունի ինչ-որ տեղ՝ վերևում նստած գործքի քավոր: եվ հենց նրա ցանկություններով էլ ինչ-ինչ որոշումներ են ընդունվում»: Տիգրան Առաքելյանը հայտարարեց նաև, որ չի մեղադրում և չի նեղանում դատարանից, քանի որ վերջինս զուրկ է անկախ գործելու հնարավորությունից, ըստ էության, հրապարակվող որոշումները դատարանինը չեն. «Դուք չեք անում այն, ինչ իրականում մտածում եք, ես չեմ կարող ձեզ մեղադրել», իր խոսքը դատարանին է ուղղել ՀԱԿ ակտիվիստը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Առաքելյանը ներկայացրեց մի շարք հիմնավորումներ, որոնք ապացուցում էին կալաքի անհիմն և ոչ օրինական լինելը: 1. Ոստիականի սուտ ցուցմունք, ով դեպքի ժամանակ գտնվել է 300 մետր հեռավորության վրա 2. Տաքսիստի ցուցմունք, ով չգիտեր իր ավտոմեքենայի գույնը, համարները, ինչպես նաև բաժանմունքը 3. Նախաքննությանը միջամտել է ոստիկանապետը , ով թույլ չի տվել արձանագրել որոշ փաստեր 4. Վկան բռնությամբ է բերվել դատարան 5. Մեղադրվում է ոստիկանի քիթ կոտրելու համար, սակայն բացակայում է տուժողը, ռենգենը, ինչես նաև հաշվի չի առնվել իր պարանոցի վրա 18 սմ երկարությամբ կապտուկը: Դրանից հետո Տիգրան Առաքելյանը, դատախազին անվանելով կեղծիքների մասնագետ, նրան մեղադրեց առանց հիմքերի իրեն կալանքի տակ պահելու որոշումների և դրանց վերաբերյալ պարզաբանումներ չանելու մեջ: «Այնպես մի արեք՝ ինքս փոխեմ իմ խափանման միջոցը»,- վրդովված բացականչեց արդեն 2 տարուց ավել անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը: Դատախազն իր հերթին շտապեց օգտվել ակտիվիստի էմոցիոնալ հայտարարությունից, նրա հայտարարությունները նոր հիմք համարեց Տիգրան Առաքելյանին վերոնշյալ կալանքի տակ պահելու համար: 2,5 ժամ հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ, հրապարակեց իր որոշումը, որով մերժեց փաստաբան Ստեփան Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը: Դատարանն իր որոշումը հիմնավորեց այն մտավախությամբ, թե իբր Տիգրան Առաքելյանը մնալով ազատության մեջ, կթաքնվի և կխոչընդոտի քննությանը: Նշենք, սակայն, որ ամիսներ առաջ, երբ մահացել էր Տիգրան Առաքելյանի հայրը, նրան երեք օրով ազատ էին արձակել, և վերջինս ոչ թաքնվելու, և ոչ էլ քննության ընթացքը խոչընդոտելու փորձ չի արել: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին: