Այս խնդիրն է այսօր համակել հայ քաղաքական ու վերլուծական դաշտի ողջ սպեկտորը: Քաղաքական ուժերը, հասարակական ինստիտուտները սկսեցին քննադատել նախագահի կտրուկ ու չքննարկված որոշումը: Այսպիսի պայմաններում, սովորաբար, ընդդիմադիր դաշտի ամենազադեցիկները ձգտում են որոշակի ծանրակշիռ մոտեցմամբ հանդես գալ՝ ապացուցելու համար իշխանության իրական այլընտրանքի գոյությունն ու մարդկանց ճիշտ ուղի նախանշելու ունակությունը (պետք է նշել, որ լուրջ հավակնություններով ուժերը փորձում են պարբերաբար սևեռվել արտաքին քաղաքականության վրա, որը պետական իշխանության «մենաշնորհն է»):
Սակայն վերջերս հասարակությունն ավելի է ակտիվացել և դրանով ակնհայտորեն առաջ է անցել քաղաքական ուժերից, որոնք ժամանակի մեջ սկսել են կորցնել տարածության ու դրա շրջապտույտի հածախականության զգացողությունը: Այլ կերպ ասած՝ հասարակությունն է դարձել քաղաքական ուժերի մոբիլիզացիոն ու շարժիչ ուժը, մինչդեռ, պետք է ճիշտ հակառակը լիներ: Այս դեպքում, թերևս, ամենաուշագրավը ՀԱԿԿ-ի նիստն ու դրանում Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերն էին: Առաջին նախագահն իրեն հատուկ հանդարտությամբ, պաուզաներով ու արտահայտչամիջոցներով փորձեց հանգստացնել արդեն եռացող հայ հասարակական-քաղաքական ռեակցիան՝ կապված Սերժ Սարգսյանի որոշման հետ: Նա բառացիորեն ասաց, որ պետք չէ քննադատել ոչ Եվրոպային, ոչ էլ Ռուսաստանին և կոչ արեց կուսակիցներին խուսափել որևէ որակումից իրենց արտահայտություններում:
Սա նշանակում էր 2 բան. 1. որ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում գնալ ներքաղաքական սրացումների, 2. նա չի ցանկանում փչացնել հարաբերություններն աշխարհաքաղաքական բևեռների հետ: Այսպսի հայտարարությունը, այն էլ ընդդիմադիր դաշտում բավական ռադիկալ դիրքերից հանդես եկող ուժի կողմից չի կարող քաղաքական որոշակի հաշվարկ չունենալ: Առաջին, եթե Տեր-Պետրոսյանը չի ցանկանում գնալ ներքաղաքական սրացումների ապա դա նշանակում է, որ չի ցանկանում ընդդիմադիր այլ կուսակցության աշնանային ակտիվացում, որովհետև ինքն ունի քաղաքական իր հաշվարկները. որոշակի պահի որոշակի ծրագրով հրապարակ ինջնելու, իսկ հիմա քաղաքական դաշտի հանգստությունը կարող է դրա համար լավ պատվար լինել:
Այլապես այլ ուժերը կարող են «խլել» զանգվածներին և զրկել «Բոնապարտին իր բանակից»: Երկրորդ. բանն այն է, որ ոչ միայն եվրոպական ու ռուսական «ճտերը», այլ նաև մտրակներն ու բլիթներն են աշնանը հաշվում, և դիվանագիտական գրոսմայստերն ու միտինգային ռահվիրան չի կարող չհասկանալ, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հստակեցրել վերջնականապես ստորագրում է մաքսայնացմա՞ն, թե՞ ասոցացման տակ, ապա իրական ճնշումներ չեն լինի, իսկ միտինգներն էլ հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել ու իրականացնել այն դեպքում, երբ լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բավարար բազա:
Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանին արդեն այլընտրանք ու կոմպլեմենտար հավասարակշռման հնարավորություն չեն թողնի, նոր միայն կզգացվի կամ-կամ-ի իրական ճնշումը, այսինքն, երբ որոշումը կկայացնի բևեռներից մեկի օգտին, մյուսը կսկսի կիրառել մտրակի քաղաքականությունը: Այդ ժամանակ էլ արենան կբացվի քաղաքական ամենափորձառու գլադիատորի առջև, ով մարտահրավեր կնետի իշխանությանը և Հայաստանի կողմից «գցված» բևեռի հետ էլ կկառուցի իր քաղաքական ծրագրերն ու գործունեությունը: Սա բավական հետաքրքիր պաուզա է, եթե մինչ այդ այլ զարգացումներ չլինեն, որոնք կարող են այս սցենարն անհնար դարձնել: