՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքի 12 րդ հոդվածի ե) կետով սահմանված է, որ գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: Օրենքի այս դրույթի ամրագրմամբ բանակը որակյալ ներուժ կորցրեց, իսկ գիտական ոլորտն էլ համարվեց ոչ այնքան որակյալ գիտնականներով: Գաղտնիք չէ, որ իրականում ասպիրանտուրայում գոյություն ունի ներքին պայմանավորվածություն տղաների ու աղջիկների միջև ՛՛տեղը զիջել՛՛ տղաներին, քանի որ նրանք ՛՛բանակի խնդիր՛՛ ունեն: Չժխտելով, որ իրապես մեր գիտական ոլորտը օրեցօր համալրվում է բանիմաց երիտասարդ գիտնականներով, այնուհանդերձ փոքրաթիվ չեն նաև այնպիսի գիտնականները, ովքեր ՛՛բանակի խնդիր՛՛ ունենալով (իրենք էլ օգտագործում են այդ արտահայտությունը), արագ թեկնածուականներ են պաշտպանում ու արագ էլ ստանում հաստատումը ԲՈՀ-ի կողմից: Ասածս ամենևին էլ դա չէ, իրականում ուզում եմ հասկանալ, ի՞նչ է նշանակում ՛՛բանակի խնդիր՛՛: Բանակը խնդիր չէ, բանակում ծառայությունը պարտադիր է, այն պարտքն է պետության հանդեպ: Դա միայն երկրի Նախագահի համար չէ, ծառայությունը առաջին հերթին քո ընտանիքի, քո ապագա երեխաների անվտանգության համար է: Պատերազմի դեպքում գնդակը չի զատելու գիտական կոչում ունեցողին չունեցողից, գնդակի համար բոլորս էլ հավասար ենք: Մեր բանակին նաև գիտնականներ են պետք, ուշիմ ու խելացի երիտասարդներ, ովքեր իրենց փորձը կարող ենք փոխանցել տարիքով ավելի փորքրերին: Կարծում եմ, որ ժամանակն է վերանայելու օրենքի այս դրույթը, այն էլ ներկա պայմաններում, գիտնականներին էլ համալրելով ԶՈՒ-ում, մի քիչ արտոնյալ պայմաններով: Ասենք թող ծառայեն 6 -12 ամիս, կամ բնակավայրին մոտ: Ամեն դեպքում եթե առողջականը ներում է, գիտական միտքն էլ կա, ինչու չունենալ նման ուշիմ զինվորներ: Հավատացեք, դա Ձեր համար է առաջին հերթին անհրաժեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել