Artsakhpress.am-ը գրում է․

Արցախի լիակատար շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

«Պիտի նշեմ, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ բացասական ազդեցություն չի ունեցել քննաշրջանի վրա: Քննաշրջանը կազմակերպվել է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ, որն ավարտել ենք հուլիսի 9-ին: Քննաշրջանն անցել է բավարար մակարդակում, խնդիրներ գրեթե չեն եղել` չնայած հովհարային անջատումները և կազմակերպչական մյուս աշխատանքները կարող էին որոշակի բարդություններ ստեղծել: Ունենք ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդներ` չնայած, ընդհանուր առմամբ, արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չէին, քանի որ մրցակցություն տեղերի համար գրեթե չկար. օրինակ` եթե ունեինք չորս տեղ, դիմորդների քանակը կազմում էր հինգ կամ վեց հոգի: Կային բնագիտական ուղղության մասնագիտություններ, որոնց համար մենք ակնկալում էինք ունենալ դիմորդներ, բայց, ցավոք սրտի, չունեցանք»,- ներկայացրել է նախարարը:

Նա նշել է, որ բնագիտական հոսքի մանկավարժական մասնագիտությունների (Ֆիզիկա, Մաթեմատիկա, Կենսաբանություն, Քիմիա, ինչպես նաև՝ Հայոց լեզու) դեպքում` շեմի հարցում ընդառաջել են, որպեսզի կարողանան ապահովել մեկ հիմնական քննությամբ դրական արդյունք ստացած դիմորդների ընդունելությունը:

«Շրջափակման պատճառով հնարավոր չէր ապահովել մեր դիմորդների ֆիզիկական ներկայությունը հայաստանյան բուհերում, որտեղ նրանք պիտի հանձնեին ներբուհական քննություններ, սակայն ստեղծված իրավիճակից ելքը գտել ենք` այդ ներբուհական քննությունները կազմակերպելով առցանց եղանակով` մեր համապատասխան քննասենյակներն ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցներով և բարեհաջող ավարտելով նաև ներբուհական քննաշրջանը, որն անցել է բարձր մակարդակով: Այդ մասին արձագանքներ ենք ստացել ՀՀ համապատասխան բուհերից, որոնք շնորհակալություն են հայտնել մեր մոտեցման համար»,- հավելել է Ն. Մկրտչյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև հայաստանյան և արտասահմանյան բուհեր ընդունված ուսանողների՝ տվյալ բուհերում առկա սովորելու ցավոտ խնդրին, ինչը շրջափակման հետևանքով անհնար է:

«Այս փուլում մենք իրականացնում ենք դիմորդների ակտիվ հաշվառում, ովքեր իրենց ուսումը պետք է շարունակեն արտասահմանյան և հայաստանյան տարբեր բուհերում: Կփորձենք ապահովել մեր դիմորդների տեղափոխումը: Եթե նման հնարավորություն չստեղծվի, ապա ունենք նաև այլընտրանքային տարբերակ.ամենայն հավանականությամբ մենք կկազմակերպենք նրանց ուսումնառությունը առցանց եղանակով՝ համապատասխան բուհերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ընդհանրացրել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել