Տևական ընդմիջումից հետո բավականին ծավալուն ելույթով հանդես է եկել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հնչեցրած հայտարարությանը, խոսել ստեղծված իրավիճակի ու դրանց հետևանքների մասին:
Քաղաքական մշակույթի առումով, նախկին նախագահների վերլուծություններն ու կարծիքները շատ կարևոր են, սակայն նախընտրելի կլիներ, որ նմանատիպ գնահատականները հնչեին ոչ միայն երկրի համար կարևորագույն իրադարձություններից հետո, երբ արդեն կա հստակ դիրքորոշում, այլ դրանից առաջ, երբ քննարկվում են իրավիճակների զարգացման հնարավոր սցենարները:

Ինչևէ, առաջին նախագահը որպես առիթ օգտագործեց ՀԱԿ վարչության նիստը` նաև ցույց տալու համար, որ ՀԱԿ-ի կուսակցական մարմիններն ակտիվորեն աշխատում են, իսկ կուսակցության լիդերը հստակ դիրքորոշում է արտահայտում: Սակայն իր խոսքում Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ ընդգծեց, որ դա իր կարծիքն է, ինչը տպավորություն է ստեղծում, որ կուսակցությունում իրականում ՀՀ ինտեգրացիոն ուղղությունների և մասնավորապես սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարության մասով քննարկումներ չեն անցկացվել կամ դեռևս միասնական դիրքորոշում չկա (ՀԱԿ-ԲՀԿ մերձեցման մասով էլ ժամանակին միասնական մոտեցում չկար, այդ պատճառով Տեր-Պետրոսյանը այդ փուլում ներկայացնում էր բացառապես սեփական դիտարկումները):
«Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք,- խնդրում եմ ուշադրություն դարձրեք, լուրջ բան եմ ասում,- այլ իշխանության այլընտրանք հանդիսացող ինստիտուցիոնալ քաղաքական ուժ»: Մի կողմից Տեր-Պետրոսյանը զարմանք է արտահայտում, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ռացիոնալ է որակում` համարելով, որ նախագահի բոլոր որոշումներն էլ պետք է ռացիոնալ լինեն, մյուս կողմից, իր խոսքում ներկաների ուշադրությունը գրավելու համար նշում է, թե «լուրջ բան եմ ասում»: Իսկ արդյոք նրա կուսակիցները նրանից անլուրջ բա՞ն էին ակնկալում, կամ արդյոք նրա հնչեցրած խոսքի այլ հատվածում անլուրջ մոտեցումնե՞ր են հնչեցվել:
Իր խոսքում Տեր-Պետրոսյանը կանգ չառավ այն բանի վրա, թե իրականում որ ճանապարհն էր Հայաստանի համար առավել շահավետ՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական, սակայն նշեց, որ «Սերժ Սարգսյանը 180 %-ոց շրջադարձ է կատարել»:

Իրականում դժվար է շրջադարձ համարել Մաքսային միությանը միանալու` նախագահի հայտարարությունը հենց միայն այն առումով, որ Ս. Սարգսյանն այդ մասին բավականին ընդգրկուն ձևով անդրադարձել էր 2012 թվականի դեկտեմբերին՝ ՌԴ կատարած այցի շրջանակներում ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: Նախագահը դեռ այդ ժամանակ նշել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Մաքսային միության անդամակցությամբ, ինչի շրջանակներում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, ով փորձում է հասկանալ, թե արդյոք առանց ընդհանուր սահմանների առկայության հնարավո՞ր է գտնվել մեկ մաքսային միության կազմում ու շահավետ համագործակցություն ծավալել:

Տեր-Պետրոսյանն իր խոսքում չանդրադարձավ Մաքսային միության էությանն ու բովանդակությանը` նշելով, որ դա նախևառաջ պետք է ուսումնասիրեն տնտեսագետները: Չնայած առաջին նախագահն իր խոսքում ՀԱԿ-ը ներկայացնում է որպես լուրջ կառույց, անհասկանալի է մնում այն, թե ինչպե՞ս է ստացվել, որ նման կարևոր կառույցում մինչև այժմ չեն ուսումնասիրել Մաքսային միության էությունն ու բովանդակությունը և քաղաքական դիրքորոշում են արտահայտում միայն համապատասխան որոշումից հետո:

Միաժամանակ անհնար է ՀԱԿ լիդերի հետ համակարծիք չլինել այն հարցում, որ «ինչ էլ լինի, Եվրոպան չի ուզելու կամուրջներն այրել Հայաստանի հետ և չի հրաժարվելու Հայաստանի հետ համագործակցելուց»:
Սա ոչ միայն նշանակում է, որ Հայաստանը կարողացել է այնպիսի երկիր դառնալ, որը աշխարհաքաղաքական կենտրոնների համար գործոն է, այլև այն, որ Տեր-Պետրոսյանի թեզն այն մասին, թե «Սերժ Սարգսյանը 180 %-ոց շրջադարձ է կատարել», այնուամենայնիվ, չի համապատասխանում իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել