Panorama.am-ը գրում է.
Գորիսյան հայտնի միջադեպի գործով շուրջ 4 ամիս կալանքի տակ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանին ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտոնական տեղեկությունը գորիսեցիները կտրականապես հրաժարվում են մեկնաբանել:
Պաշտոնական տեղեկության հրապարակումից հետո սեպտեմբերի 7-ին Գորիսում մի քանի լրագրողներ փորձեցին հետաքրքրվել, թե ինչպես են գորիսեցիները վերաբերում իրենց համաքաղաքացի նախկին մարզպետի որդու ազատ արձակման լուրին, սակայն նրանք կտրականապես որևէ վերաբերմունք չէին հայտնում՝ թռուցիկ որոշ նախադասություններ նետելով ի պատասխան նրանց տրվող հարցերի:
«Կարողա լավ փաստաբան են վարձել, անմեղություն ա ճանաչել, դրա համար էլ ազատել են»,- ասաց Գորիսում գտնվող հարակից Տեղ գյուղի մի բնակիչ՝ նշելով, որ ինքն էլ է լսել, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ինքնապաշտպանության է դիմել:
Գորիսի բենզալցակայաններից մեկի աշխատակիցը կտրուկ էր. «Ես չեմ կարա ասեմ, ես ոչ մի բանից խաբարություն չունեմ»: Հարցին, թե լա՞վ լուր է Խաչատրյանի ազատ արձակման մասին լուրը, նա արձագանքեց. «Չեմ կարա պատասխանեմ էդ հարցին»:
Լրագրողի հարցին, թե վախի մթնոլորտ կա՞ Գորիսում, որ չեն կարողանում ազատ արտահայտվել, բենզալցակայանի աշխատակիցը պատասխանեց. «Ա չէ, ոչ մի մթնոլորտի հարց էլ չկա: Ես Մոսկվայում եմ եղել ու ընդամենը 15 օրա Մոսկվայից վերադարձել եմ: Ոչ մի բանից կուրսի չեմ»:
Հարցին, թե արդա՞ր էր նման որոշումը, մեկ այլ գորիսեցի էլ արձագանքեց. «Իրանք կիմանան, ես չեմ կարա ասեմ»:
Գորիսի ծայրամասում բնակվող ամուսինները առաջին անգամ լրագրողներից էին լսում Սուրիկ Խաչատրյանի որդու ու նրա թիկնապահի ազատ արձակման մասին լուրը: Հարցին՝ վա՞տ լուր էր, թե՞ լավ, կինը պատասխանեց. «Ոչ տաք ա, ոչ սառը»:
Ամուսինն ասաց, որ Խաչատրյաններն իրենց բարեկամները չեն, որ մտածեն նրանց մասին: «Պտի բարեկամդ լինի, որ մտածես իրա մասին: Որպես քաղաքացի մենք չենք առնչվում իրանց հետ: Ոչ մի պրոբլեմ չկա, ինչ կա, էն եմ ասում: Ոչ մի բանից չեմ վախենում, վախենալու բան չունեմ: Շփում չկա, գնալ-գալ չկա, բարեկամություն չկա», -ասաց նա:
Դիտարկմանը, թե Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվել է և այժմ մեղադրյալ է միայն Արտակ Բուդաղյանը, ամուսինը արձագանքեց. «Ա, չգիտեմ, դա մի քիչ անհավատալու բան ա, բայց չգիտեմ, առավոտ գնում ենք, իրիկուն գալիս, դաշտում աշխատում ենք, ոչ մի լուրի մասին էլ չգիտենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ