
Օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի անդամ, բավական հայտնի հեղինակություն, լեհ Յացեկ Սարյուզ-Վոլսկին, ով Արեւելյան գործընկերության ու Եվրանեսթի հեղինակ ու հիմնադիր հայրն է, պատմեց ԵԺԿ նախագահությունում մի բանավեճի մասին: Այն տեղի էր ունեցել, երբ ԵՄ-ում ու ԵԺԿ-ում Հայաստանի կապակցությամբ տագնապներն ավելացել էին: Նախագահության իսպանացի անդամներից մեկը, ով բավական հոռետես է եղել Հայաստանի եվրոպական հեռանկարի հարցում, ասել է` «Հայաստանն ո՞ւր, Եվրոպան ո՞ւր»: Սարյուզ Վոլսկին, որ չափազանց շատ է գնահատում հայ ժողովրդի պատմությունը, զայրացել է ու նետել` «հայերն ավելի քրիստոնյա են, քան ԵՄ անդամ իսպանացիները»: Այդքանով բանավեճն ավարտվել էր: Հայաստանի նախագահի մոսկովյան շոկաթերապիայից հետո խեղճ Սարյուզ-Վոլսկին ոչ միայն նման էր զավակ կորցրած մարդու (նրա համար Եվրանեսթն ու Արեւելյան գործընկերությունը իրոք զավակի նման բաներ էին), այլեւ խեղճացած նայեց ինձ ու ասաց. «Ստեփան, հիմա դուք պետք է ապացուցեք, որ ավելի քրիստոնյա ու եվրոպացի եք, քան շատերը Եվրոպայում»: 2012թ. մայիսին Բաքվում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Սարյուզ Վոլսկին ընդմիջմանը զրույցի բռնվեց ինձ հետ ու ասաց. «Դու եվրոպացի ոչ մի պաշտոնյայից չես լսի, որ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր է որպես հինավուրց քրիստոնեական երկիր: Նրանք դա երբեք չեն բարձրաձայնի, քանի որ ընդունված չէ ասել, որ ԵՄ-ը քրիստոնեական ակումբ է: Բայց ով այցելում է Հայաստան, տեսնում ու համոզվում է, թե որքան խորն են քրիստոնեության արմատներտը Ձեր երկրում: Ոչ մեկ չի կարող հերքել ու անտեսել, որ Հայաստանը քրիստոնեական առաջին պետությունն է: Դուք շատ մեծ առավելություն ու խաղաքարտ ունեք: Գիտակցեք դա»: