«Կժով աղջիկը» բարձրաքանդակը դրվել է 1939թ. Աբովյան պուրակից Քանաքեռ տանող ճանապարհի սկզբնամասում: Ըստ իր նշանակության` դա աղբյուր-հուշարձան է. աղջկա թևի տակ դրված կժից ջուր էր հոսելու. «...Պետք է պատկերացնել, թե ինչպիսի հաճույք կարող է պատճառել ծարաված անցորդին խմելու այդ կենսախինդ աղջկա գրկած կժից հոսող աղբյուրի սառնորակ, զուլալ ջուրը» (Ե. Մարտիկյան «Այծեմիկ Ուրարտու», Ե., 1967, էջ 18):
Ցավոք, տարիներ շարունակ այս գեղեցիկ հուշարձանը մատնվել է անուշադրության և վերականգնման կարիք ունի:
Հուշարձանի նյութը բազալտ է, ընդհանուր բարձրությունը` 1,8 մ, քանդակագործ` Այծեմիկ Ուրարտու: 
Այծեմիկ Ուրարտուն (1899-1974) ծնվել է Կարսում: Սովորել է Թիֆլիսում: 1925-ին ավարտել է Բաքվի բարձրագույն գեղարվեստական դպրոցը Ս. Էրզյայի մոտ, ապա կրթությունը շարունակել է Մոսկվայում: 1926-ից աշխատել է Երևանում: Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ քանդակագործուհին է: 1960թ. շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում:
Նրա գործերից են`
«Դիվիզիայի հրամանատար Աթոյան», գրանիտ, 1933թ.
«Պատանին», մարմար, 1930թ., ՀԱՊ
«Սասունցի Դավիթ», բրոնզ, 1935թ., ՀԱՊ
«Անուշ», մարմար, 1938թ., ՀԱՊ
«Ալմաստ», բրոնզ, 1937թ., ՀԱՊ
«Նկարչուհի Ա.Ղարագյոզյան», դիմաքանդակ, մարմար, 1942թ., ՀԱՊ
«Ջութակահար Ա.Գաբրիելյան», դիմաքանդակ, գիպս, 1943թ., ՀԱՊ
«Ակադեմիկոս Ա. Հովհաննիսյան», դիմաքանդակ, բրոնզ, 1948թ., ՀԱՊ
«Մովսես Խորենացի», բրոնզ, 1968թ., Մատենադարան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել