

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ով ներկայացնում էր այսօր ՊՆ քննչական ծառայության որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցված և ազատ արձակված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու շահերը, այսօր հայտարարել է, որ Հայաստանում վերջապես արդարադատություն է իրականացվել: Ավելին նա խորհուրդ է տվել լրագրողներին այս կապակցությամբ մոմ վառել:
«Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, և բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա», ասել է Ռուբեն Սահակյանը:
Եթե Ռուբեն Սահակյանը ավելի զուսպ արտահայտվեր, իհարկե, հասկանալի կլիներ, որ նա որպես պրոֆեսիոնալ փաստաբան խոսում է իր հաճախորդրի շահերից, սակայն ինչպես տեսնում եք նրա խոսքը, մեղմ ասած, զուսպ չէ: Ակնհայտ է, որ ստանձնելով նախկին մարզպետի ընտանիքի պաշտպանությունը, փաստաբանն իրեն իշխանության մաս է զգում և հայտարարություններն էլ արվում են հենց այդ դիրքերից:
Լավ, եթե նույնիսկ համաձայն չես մամուլի հրապարակումներում հնչած տեսակետներին կամ փաստերին, վիճարկիր դրանք իրավական հարթության մեջ, ինչպես վայել է պրոֆեսիոնալ իրավաբանին: Ինչու՞ ես ագրեսիվ կեցվածք ընդունել ու վիրավորում մամուլի ներկայացուցիչներին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն են կատարում: Այսպիսի պաթոսով հանդես գալը, ձայնի հնչերանգները փոխելն ու խիստ երանգներ տալը, նույնպես իշխանական դիրքում գտնվողի արտոնյալ պահվածքի մասին է խոսում: Բացի այդ նա իր նվիրվածությունն է հայտնում իր հաճախորդին և նրան հովանավորողին: Խոսում է նրանց փոխարեն:
Իսկ ինչու՞ է Ռուբեն Սահակյանը զարմնանում, որ ժուռնալիստները «ոչինչ չեն ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին»: Դա նորմալ և բնական ցանկություն է, քանի որ խոսքը մի մարդու մասին է, որը կասկասծվում է բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ՝ հրապարակային և ոչ հրապարակային:
Ժուռնալիստներն այն մարդիկ են, ովքեր ուզում են որ Հայաստանում վերջապես արդարադատություն իրականացվի, բայց ոչ փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարած վերջապեսը, այլ իրականը, որ անպատժելի և օրենքից վեր մարդիկ չլինեն, որ մարդիկ հիշյալ արդարադատության երեսից Հայաստանից չգնան: Այնպիսի արդարադատություն, որ տուժվածի ընտանիքը մխիթարվի…
Ժուռնալիստներն ու մամուլը սա են ուզում և այս մասին են գրում, բայց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահն ասում է, որ թքած ունի սպանության մեջ մեղադրվող Լիսկայի որդուն ազատ արձակելու մամուլի ադեկվատ արձագանքի վրա:
«Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ: Դա վիրավորական է, դա ժուռնալիստիկա չէ: Դա լկտիություն է ժուռնալիստների կողմից, որոնք արդարությունը թողած մի կողմ, անպայման, ուզում են, որ անմեղը դատապարտվի»:
Ի դեպ, Սյունիքի նախկին մարզպետի ընտանիքի պաշտպանությունը ստանձնած փաստաբանն այս գործով իր հրապարակային ելույթներում այնպիսի փաստացի տվյալներ չի հրապարակել, որ մամուլն առաջնորդվեր դրանցով, ինչը մշտապես արել է Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Այդ դեպքում, մենք էլ կարող ենք ասել՝ դա փաստաբանություն չէ: Դա փաստաբանություն չէ: Դա լիսկայություն է: Հիմա ինչո՞վ պետք է առաջնորդվի հանրությունը կամ ինչու՞ պետք է վստահի հանրությունը 3 ամիս տևած նախաքննությանը, ինչի արդյունքում ազատ են արձակվել հոր զենքով մարդ սպանած նախկին մարզպետի որդուն:
Ժաննա Ալեքսանյան
Նյութի աղբյուր՝ http://www.jfhr.am/?ln=1&id_=11&page_id=36
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել