
1992 թվական հոկտեմբերի 14: Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում հայությունը խուճապի էր մատնվել: Սկսվել էր պատերազմը: Թուրքերը հանկարծակի հարձակվել էին գյուղի վրա, և ողջ բնակչությունը դուրս էր եկել ինքնապաշտպանության: Գիշեր էր: Հրամանատարը` Արմենը, ձայներ լսեց: Թվաց, թե Պավելն էր երազում խոսում: Այդպես հաճախ էր պատահում:
Մթի մեջ գոռում էր` Արշակ, լույսը վառիր, բայց ինչպե՞ս Արշակը վառեր լույսը, երբ անգամ լուցկի չունեին: Տեսնելով, որ նա շատ է աղմկում ասաց.
-Տղա, պիտի վերջ տա՞ս, թե՞ ոչ:
-Տղա, պիտի վերջ տա՞ս, թե՞ ոչ:
Կարծես ուշքի եկավ, ձայնը ցածրացրեց ու քնեց: Ննջում էր Պավելը, ննջում էին տղաները: Եղանակը խոնավ էր, կաթկթում էր անձրևը: Համատարած` ամպամած երկնքին զուգահեռ, սարերից դեպի վեր էին տարածվում ամպերը` որպես սյուներ: Հանկարծ լսվեցին կրակոցներ: Քանի օր էր` նույն ժամին խփում էին ռումբերը: Ծուխը բարձրանում էր ու միաձուլվում ամպերին: Տղաներից մեկը վիրավորվեց, որը 1959 թվականին ծնված Հայկ Կարապետյանն էր: Աջ ականջախեցու ներքին անկյան շրջանում բեկորային վնասվածք էր ստացել` վնասվել էին միայն փափուկ հյուսվածքները: Հագուստն ամբողջությամբ թաց էր:
Դրսում անձրև էր: Այդ բոլորը հոգեկան լարվածության հետ նրա մոտ դարձել էին դող: Տեղափոխեցինք հիվանդավրան, ու մեր բուժքույր Նարեն հոգ տարավ Հայկի մասին: Պավելը ահավոր վախեցել և խուճապի էր մատնվել այն աստիճանի, որ տաքացած գլխով, ինքն էլ չհասկանալով, թե ինչ էր անում, փորձեց դուրս գալ թշնամու դիմաց և իրեն մատուցել նրանց: Հազիվ կարողացանք նրան կանգնեցնել: Տհաճ գիշեր էր` ժամը 12-ն անց: Լսվում էր անտառի խշշոցը, որը նման էր ծովի ալեկոծմանը` հանդարտեցնող և ուժեղացնող: Հազարավոր տերևներ ասես բռնագաղթի մեջ էին: Վրանի շուրջ կուտակվածները, իրենց քերծվածքները թողնելով վրանի վրա, յուրօրինակ ձայնով իրենց հանձնում էին բախտի քմահաճույքին: Վրանը կարծես փլվում էր: Թուրքերը կրկին հարձակման անցան: Անդադար լսվում էր կրակոցների դղրդյունը, օդով սլացող արկերի սվվոցը:
Չէր բացառվում, որ դրանցից մեկը կընկներ տղաների գլխին: Յուրաքանչյուրը նրանցից իր մտքերի մեջ կարծես հաշտված էր իր ճակատագրի հետ: Սպասում էին ամենածայրահեղին: Այդ իրավիճակում Պավելը սկսել էր արհամարհել, անգամ ծաղրել մահը: Իսկ Արմենը նրան կոչ էր անում, որ հոգին ըմբոստանա մահվան դեմ, իրեն ազատ հայտարարի և շարունակի ապրել հավերժ լինելու գաղափարով: Լույսը դեռ նոր էր բացվել, երբ լսվեց չարաբաստիկ ինքնաթիռի ձայնը: Ինչ պիտի լինի, կլինի: Փորձ էլ չարեցին անգամ դուրս գալ: Քիչ հետո նրա ձայնը մարեց հեռուներում: Թշնամին հարյուրավոր արկեր էր թափել մարտիկների դիրքերի վրա` հույս ունենալով, որ իր կատարած բարբարոսություններից հետո կենդանություն մնացած չէր լինի: Առաջ էր ուղարկել հետևակը և խորը հիասթափություն ապրել` տեսնելով, որ մեր մարտիկներն իրենց դիրքերում են: Բայց չարաբաստիկ հարձակումը խլեց մեր զինվորներից շատերի կյանքը: Այդ օրը մարտի դաշտում ընկան Արշակ Գասպարյանը, Վաղարշակ Գաբրիելյանը, Վալերի Մովսիսյանը, ինչպես նաև վաղուց հաղթանակի տենչով ապրող Պավել Գևորգյանը: Թուրքերը մեր մարտիկների հարձակումներից ետ նահանջեցին, նրանցից մեկը, հարմար առիթ գտնելով, կանգնել և շպրտել էր գնդացիրը, գերի հանձնվելու նշաններ տալով եկել էր մեր դիրքերը:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armdaily.info/2013/09/blog-post_7.html#.Uiw8rsZHLVU
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել