Մի օր է... Մի շատ սովորական օր: Նորից ինձ տվել եմ ինձ: Շոգից գժված, դասերից հոգնած` նորից թափառում եմ: Որտե՞ղ` չգիտեմ: Ես կարոտել էի այս պահերին: Կարոտել էի հանգիստս դրսում մաշելուն: Թափառում եմ ու ամբողջանում ոչնչով:

  Զը-ը-ը՜նգ.
  -Ալո, տա՞տ:
  -Հա Լուս, ու՞ր ես:
  -Դուրս եմ եկել, տատ, ֆռֆռում եմ: Մի կես ժամից որ գամ տուն, կլինի՞:
  -Կլինի, ցավդ տանեմ:
  -Լավ, տատ ջան...
  -Հա՜, հա, Լուսո, հեռախոսիս փող կքցես, չմոռանաս:
  -Ըհն, չեմ մոռանա,-անջատում եմ:
  Իհարկե, ինչ-որ լավ արարք չէ տատիկին տանը մենակ թողնելն ու զբոսնելը, բայց ուրիշ կերպ չէի կարող: Ես կարոտել էի կարոտին, այս թափառումին, այս պահերին: Անիմաստ ժպտում եմ ու շարունակում ինքնաորոնումս: Չէ, լավ օր է: Ամեն ինչ լավ է` դասերը, դասախոսները, երեխեքը,  դուրսը, մարդիկ, ես, օրը... Շատ լավ է:
  Քայլերս ինձ տանում են դեպի տատիկիս խնդրանքի իրականացում...
  -Շնորհակալություն,-հաճելի ժպտում եմ կետի աշխատողին. հին ծանոթ է:
  Ու քայլերս ուղղում եմ դեպի...
  -Օրիորդ...
  Կանգնում եմ, մի քանի աղջիկ` ինձ հետ: Նրանք գնում են, ես` մնում:
  -Օրիորդ, սա Ձեր պայուսակից ընկավ,-ինչ-որ ծանո՜թ-ծանոթ, մշուշոտ դեմք է:
  -Ախ հա՜, շնորհակալ եմ,-վերցնում եմ արջուկն ու ժպտում: Բայց չեմ կարողանում հիշել` ով է...
  -Խնդրեմ...
  Ու, մեկ էլ`
  -Չճանաչեցի՞ր:
  Ասում եմ, ու մտածում. "Ինչի ես ճանաչեցի՞"... Իսկ զրուցակցիս դեմքին զարմանքն ու շփոթմունքը խառնվում են.
  -Ոնց որ... Չեմ կարողանում հիշել...
  -Արթուրը չե՞ս:
  -Արթուրն եմ:
  -Ես էլ Լուսն եմ:
  -Լու՞սը... Ֆեյսբուքի՞:
  -Այո՜-այո,-ծիծաղում եմ:
  -Տես է՜, փաստորեն հանդիպեցինք...
  -Փաստորեն էլի, ճանաչեցի... Բայց ես քեզ ավելի բոյով էի պատկերացնում:
  -Սրանից էլ բոյո՞վ,-ծիծաղում է:
  -Հա՜, իմանայի` բարձրակրունկ չէի հագնի:
  -Լա՜վ է, իմացար... Բա ի՞նչ կա-չկա...
  ...Բոլոր պատահական հանդիպումները, որոնք բացահայտվում են ակամա, ուրախ են անցնում: Հետաքրքիր են անցնում, եթե լավ օր ես համարում օրդ: Չնայած, խոսելու թեմա շատ չի լինում: Բոլոր պատահական հանդիպումները շուտ են անցնում: Շուտ ու արագ: Ինչ-որ տեղից թեմաներ են հայտնվում, ինչ-որ ձևով խոսակցություն չի ստացվում: Ու դրանից առաջ երբեք իրար չտեսած մարդիկ սկսում են խոսել այն ամենի մասին, ինչի մասին պետք է խոսեին մի քանի ժամ հետո` ինչ-որ քառակուսի զանգվածի միջոցով: Իսկ ժամանակը թռչում է...
  Զը-ը-ը՜նգ.
  -Հա՞, տատ:
  -Ի՞նչ եղար: Ուշ չէ՞:
  -Հա տատ, հիմա գալիս եմ: 
  Նայում եմ ժամացույցին` կես ժամս վաղուց անցել է:
  
  -Դե ինչ, Արթուր, ես պետք է գնամ...
  -Լավ, Լուս: Հուսով եմ` սա մեր վերջին հանդիպումը չի լինի:
  -Դե, երևի,-ծիծաղում եմ,-այսօրը կարող է վաղը կրկնվել, բայց ես կանխամտածված ու պլանավորված բաներ չեմ սիրում, գիտես...
  -Գիտեմ, գիտեմ... Իսկ դու հիշու՞մ ես ես քեզ ինչեր էի խոստացել:
  -Կապիկների պատմությու՞նը:
  -Եվ ոչ միայն: Ինչ-որ տեղ խոսքերը ամեն ինչ կբացահայտեն: Ե՞րբ կլինի դա:
  -Չգիտեմ, օրերից մի օր:
  -Ո՞ր օրը:
  -Անիմանալի, այսպիսի մի օր,-ասում եմ, ու նորից նկատում, որ շատ լավ օր է:
  -Լավ չի՜...
  -Տես, Արթուր, դու արդեն նայեցիր աչքերիս մեջ, մի մինուսը ջնջվեց: Հիմա կարող ես հանգիստ սրտով կապիկների պատմությունը տպել վիրտուալում: Հը՞:
  -Չեղա՜վ: Կապիկների պատմությունը պիտի պատմվի միայն աչքերի մեջ նայելով, ոչ թե աչքերի մեջ նայելուց հետո:
  -Հա՜,-համակերպվում եմ,-դե ինչ արած, կսպասեմ:
  -Լավ, Լուս:
  -Հաջողություն, Արթուր:
  -Հաջողություն, Լուս:
  Շրջվում եմ, որ գնամ:
  -Լուս:
  -Հա՞:
  -Կապիկներիս լավ կնայես:
  -Եղավ, Արթուր:
  Լավ օր է...
  Աշխարհում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մեջ կապիկների պատմություն կա: Աշխարհում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկին պիտի պատմվի այդ պատմությունը: Պատմվի մի գեղեցիկ պատահականության շնորհիվ: Կամ չպատմվի ու մնա աղոտ հիշողություն: 
  Ամեն գեղեցիկի հիմքը պատահականությունն է, չսպասվածը: Ես այդպես էլ չսիրեցի պլանավորվածը: 
  Իսկ կապիկների պատմությունը մնում է, Արթուր...
  Չէ, լավ օր էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել