
Doctors.am-ը գրում է.
Հաճախ այն, ինչ մարդիկ հատկապես շատ են սիրում ՝ պաղպաղակ,կարտոֆիլ-ֆրի, հեռուստացույց, օգտակար չեն օրգանիզմի համար: Սակայն եթե պարել սիրում եք, ապա այս կանոնից գոնե մեկ բացառություն կա:
Ապացուցված է, որ հաճախակի պարող մարդիկ առավել առողջ են: 2010-2011թթ. գիտնականներն, ուսումնասիրելով 10.000 մարդու ազատ ժամանցի սովորությունները, պարզել են, որ նրանց մոտ, ովքեր անցած տարում պարզապես հաճույքի համար գոնե մեկ անգամ պարել են, 62%-ով ավելի մեծ է առողջական խնդիրներ չունենալու հավանականությունը:
Պարզ չէ սակայն՝ իրականում պատճառն այն է, որ պարող մարդիկ առողջ են, թե առողջ մարդիկ ի վիճակի են պարելու: Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք հաստատում են ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն առողջության վրա: Մասնավորապես, պարելը նույնպես կարող է ամրացնել սրտամկանը:
Ընդ որում, ամենահաճելին այն է, որ կարիք չկա բարդ պարային շարժումներ կատարելու.պարզապես միացրեք երաժշտությունը և շարժվեք ինչպես ուզում եք: