Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկն է Կոթավանքը կամ Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։

Պատմական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջնադարում Կոթ քաղաքը աչքի է ընկել իր մեծությամբ և դերով։ Այն եղել է Գեղարքանիք գավառի կենտրոնը և իշխանական նստավայրը, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը։ Այս տարածաշրջանի զարգացման և ծաղկման համար կարևոր հանգամանք է եղել այն, որ քաղաքը գտնվել է քարավանային առևտրական ճանապարհների խաչմերուկում՝ իրար կապելով տարբեր տարածաշրջաններ, մշակութային և տնտեսական կենտրոններ։ Մի ճանապարհը Դվինից ձգվել է դեպի հյուսիս, Արփա գետի եզերքով մտել է Վայոց Ձոր, այնտեղից էլ թեքվելով Սելիմի լեռնանցքով՝ հասել Կոթ քաղաք, մյուս ճանապարհը Կոթը միացրել է Արարատյան դաշտի հետ Կոտայքի վրայով։ Այս միացյալ ճանապարհը շարունակվել է դեպի Սոդք, ուր ճյուղավորվելով մտել է Արցախ և Կուրի հովիտ։

Կոթ քաղաքը ձգված է եղել մինչև ներկայիս Վերին Գետաշեն գյուղի սահմանները, նրանից բաժանվելով Իշխանագետի նեղ ձորակով։ Պատմական քաղաքից ներկայումս պահպանվել են թվով 418 պատմամշակութային հուշարձաններ՝ հին բնակատեղի, եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան գերեզմանոցներ՝ մեծաքանակ խաչքարերով ու տապանաքարերով։ Շուրջ 9,5 հա տարածքի վրա տարածվում է վաղ միջնադարյան ծագում ունեցող գերեզմանատունը, որտեղ կան բազ­մաթիվ գեղաքանդակ խաչքարեր։ Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կա 121 խաչքար, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարի սկզբին:

Խաչքարերով հարուստ մի այլ գերեզմանատուն, որտեղ հաշվառված Է 156 խաչքար, գտնվում է. գյուղի հարավ-արևմտյան եզրին` բարձրադիր հարթության վրա։ Այստեղ կան իրենց չափերով մեծ խաչքարեր, ինչպես նաև` մեծ ու տափակ տապանաքարեր։ Տապանաքարերից շատերն ունեն արձանագրություններ, որոնք պատմական հարուստ նյութ են պարունակում։ Կան նաև առանց արձանագրաթյունների տապանաքարեր՝ 10-11-րդ դարերի քանդակներով։

Սբ. Աստվածածին եկեղեցին կամ Կոթավանքը կառուցվել է պատմական Կոթ քաղաքի արևելյան կողմում, ժայռերով երիզված բարձունքի հարթության վրա, որն իր բարձր դիրքի շնորհիվ, լավ է երևում շրջակա տարածքներից։ Այն միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն ավարտին չեն հասցվել)։

Կոթավանքի կառուցման վերաբերյալ 13-րդ դարի նշանավոր պատմագիր Ս. Օրբելյանը իր «Սյունիքի պատմություն» գրքում գրում է. .«...Մարիամը կառուցում է Սևանի եկեղեցիները, հետո էլ Շողվագինը, իսկ Սուփանը շինում է հոգևոր հոտի զարմանակերտ փարախը Կոթ գյուղաքաղաքում Սուրբ Աստվածածին անունով, պարսպապատում է ահագին վեմերով, զարդարում մեծամեծ սպասքներով ու նրա մեջ կրոնավոր-սպասավորների դասեր է նշանակում»։ Այնուհետև շարունակում է. «եվ նա սուրբ եկեղեցու վրա հիշատակի արձանագրություն է փորագրում, որի պատճենն այս է` «Ինձ՝ Սուփանիս համար քրիստոնեական հոգևոր հիշա տակարան հաստատեցի Կոթ գյուղաքաղաքում, իմ նախնիների նստավայրում, որը նախքան այս բազում գանձերի ծախսումով ու շատ չարչարանքներով շրջափակել էին պարիսպներով։ Իմ նախնիներից դաս առած լինելով՝ հետագայում աստծո կամքով շինեցի տիրոջ տունն ու Հակոբ աստծո հարկը` սրբուհի Տիրամայր-Աստվածածնի անվամբ, սրբատաշ, կոփածո քարերով սրա մեջ վերևում և ներքևում ութ սենյակներ։ Եվ այս սուրբ տաճարում քահանաներ նշանակեցի ու զարդարեցի.».

Կոթավանքը բարձր արժեք ունի ոչ միայն պատմական, այլ նաև ճարտարապետական ու շինա րարական արվեստի տեսակետից։

Այն եռաբսիդ, գմբեթավոր կառույց է` չորս անկյունային կիսաշրջանաձև խորաններով։ Ավանդատները երկհարկանի են (երկրորդ հարկերը ծաոայել են որպես թաքստոց): Կառույցն արտաքուստ ուղղանկյան է`15 մ x 17 մ չափսերի: Արևելյան ավանդատների մուտքեըը հյուսիսային և հարավային աբսիդ ներից են, իսկ արևմտյաններինը` ուղղանկյուն խաչաթևերից։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից ու արևմուտքից։ Եռանկյունաձև զույգ խորշերով մշակված է միայն արևելյան ճակատը։ Պատերը շարված են կոպտատաշ, ճեղքված բազալտից, որոշ տեղերում կոփածո քարերով։ Դեկորատիվ հարդարանքի սակավա թիվ տարրերից են գմբեթակիր կամարների` գնդիկներով և հորիզոնական ելուններով ձևավորված իմպուստներր, լուսամուտների պարզունակ բարավորները։

Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։

Հ.Գ. Հարգելի ընկերներ, բարերարներ և հարգելի այն հիմնադրամների և ՀԿ-ների ղեկավարներ նրանք ովքեր զբաղվում են պատմամշակութային կոթողների վերանորոգմամբ և պահպանմանբ խնդրում եմ միացեք և միասին վերանորոգենք այս հրաշք եկեղեցին, մեր մշակութային գանձերից մեկը: 
Հիշեցնեմ որ կա եկեղեցու գմբեթի գծագիրը և այն վերանորոգելու թույլտվությունը: 

Մեզ հետ կարող են կապ հաստատել [email protected] կամ [email protected]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել