
1in.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:
Շրջելով բոլոր հարկաբաժիններում՝ քաղաքապետի տեղակալը տեղում ծանոթացել է շենքային ընդհանուր պայմաններին: Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց մտահոգությունները՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրները գտնվում է Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում և, ըստ առաջնահերթության, դրանք լուծվելու են:
«Մայրաքաղաքում 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը մեր աշխատանքային օրակարգում է: Այդ շենքեր մեր կողմից մեկ անգամ ևս այցելությունների նպատակն այն է, որ տեղում գնահատենք իրավիճակն ու առաջնահերթորեն լուծում տանք այն քաղաքացիների վերաբնակեցման խնդրին, որոնց շենքային պայմաներն առավել վտանգավոր են»,-նշել է Վահե Նիկոյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից«Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքի հետ կապված հարցերի շուրջ առաջիկայում բնակիչների հետ միասին քաղաքապետարանում կկայանա քննարկում: